Չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա․ Արեն Մկրտչյան

Չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։

«Ալավերդու պղնձաձուլարանի գործունեության դադարեցումից հետո հանդիպել էի Թեղուտ ՓԲԸ համասեփականատեր Նորիկ Պետրոսյանի հետ, խնդրել չլուծել աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, մինչեվ հասկանանք՝ ինչ ճակատագիր է ունենալու ձեռնարկությունը։

Պրն․ Պետրոսյանը չէր մերժել խնդրանքս։ Արդյունքում 2020թ․ մայիսի 23-ին 183 աշխատակցի հետ կնքվեց աշխատանքային պայմանագիր։ Աշխատակիցներն արդեն 12 ամիս աշխատավարձ են ստանում՝ չհաճախելով աշխատանքի, քանզի, ինչպես նշեցի, ձեռնարկության գործունեությունն առայժմ դադարեցված է։ Այս քայլով ձեռնարկության ղեկավարությունն ընդառաջ է գնացել՝ հաշվի առնելով քաղաքացիների սոցիալական դրությունը։ Շնորհակալ եմ։

Օրեր առաջ խնդրել եմ մայիս-հունիս ամիսներին ևս վարձատրել աշխատակիցներին։ Աշխատանքային պայմանագրերի ժամկետները ևս 2 ամսով երկարաձգվել են։ Ընկերությունն այս 12 ամսում հսկայական գումար է վճարել՝ տասնյակ միլիոն դրամ՝ չունենալով եկամուտ։
Գիտեք՝ մեծ ծավալի աշխատանք եմ կատարում Ալավերդիում նոր աշխատատեղերի ստեղծման, նոր ներդրողների ներգրավման ուղղությամբ։ Սա, թերևս, իմ կարևորագույն առաջնահերթություններից է։ Կանենք հնարավորը՝ հաջողելու համար»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել