Կապանը պաշտոնապես դարձավ 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք․ համայնքապետարան

Այսօր Կապանը պաշտոնապես դարձավ 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք։ Այս մասին հայտնում է Կապանի համայնքապետարանը։

«Չարենցավան, Իջևան, Վանաձոր․․․․․․Եվ վերջապես բաղձալի հաղթանակը Կապան համայնքինն է։

Մայիսի 1-ին հարավային մայրաքաղաք Կապանում պաշտոնապես ազդարարվեց 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումների բացումը։ Միջոցառումների շարքը մեկնարկեց Բաղաբուրջի հուշահամալիր այցելությամբ, որտեղ ԿԳՄՍ պատվիրակության և Կապանի համայնքապետարանի ներկայացուցիչները, ավագանիները, համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամները, «Տարվա երիտասարդ մայրաքաղաք» ծրագրի համահայտատու ՀԿ–ների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի պաշտպանության համար նահատակված քաջորդիների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց շիրիմներին։

Այնուհետև էլեկտրոնային գրադարանում Կապանի համայնքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև կնքվեց փոխըմռնման հուշագիր։ Կողմերը շնորհավորեցին միմյանց՝ կարևորելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը իրականացվելիք միջոցառումներին։

Օրվա խորհրդով պայմանավորված՝ մշակույթի կենտրոնի փոքր դահլիճի նախասրահում բարձրաճաշակ երաժշտության ելևէջների ներքո ներկաները վայելեցին նաև կապանցի երիտասարդ գեղանկարիչների հմուտ և ինքնատիպ աշխատանքները։

Միջոցառումների շարքը շարունակվեց մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում, որտեղ ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Հանդիսավոր արարողության ընթացքում Կապան համայնքին տրվեց նաև հավաստագիր։ Տոնական համերգը սկսվեց Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմի և եզրափակվեց Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի և պարի պետական անսամբլի տպավորիչ և ազդեցիկ կատարումներով, ինչի մասին փաստում էին հանդիսատեսի՝ յուրաքանչյուր համարից հետո ջերմ ու բուռն ծափահարությունները»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել