Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը՝ 77 կողմ ձայնով:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման հետևանքով տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ևս նախատեսել քրեական պատասխանատվություն:
Նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով՝ 700 հազարից մինչև 1 միլիոն դրամի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մեկից երեք տարի ժամկետով:
Տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով կամ կալանքով առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով: