Վճարային քարտ ունենալիս ինչ հանգամանքների պետք է ուշադրություն դարձնել

Հայաստանում լայնորեն շրջանառվում է ինչպես տեղական «ԱրՔա» (ArCa) քարտը, որը կիրառելի է միայն Հայաստանի տարածքում, այնպես էլ միջազգային «ՄաստերՔարտ» (MasterCard), «Վիզա» (Visa), «Ամերիքան Էքսպրեսս» (American Express) քարտերը, որոնք կարող եք օգտագործել արտասահմանում, ինչպես նաև արտասահմանյան կայքերից գնումներ կատարելիս: ՀՀ տարածքում շրջանառվող վերոնշյալ վճարային քարտերը թողարկվում և սպասարկվում են ՀՀ բանկերի կողմից:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Abcfinance.amից, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի  կողմից, որպես ֆինանսական գիտելիքների և հմտությունների ուժեղացման հանրամատչելի ուղի։

Վճարային քարտը գործիք է, որը հնարավորություն է տալիս՝

  • ստանալու աշխատավարձ կամ այլ դրամական միջոցներ, բանկի բաժանմունքներից և բանկոմատներից կանխիկացնելու այնքան գումար, որքան անհրաժեշտ է այդ պահին,
  • կատարելու վճարումներ առևտրի և սպասարկման կետերում ապրանքների կամ ծառայությունների դիմաց` առանց մեծ քանակությամբ կանխիկ փող դրամապանակում ունենալու,
  • բանկոմատներից կամ առցանց հարթակների միջոցով կատարելու կոմունալ և այլ տեսակի պարտադիր (տուրքերի, տուգանքների, հարկերի) վճարումներ,
  • իրականացնելու ինտերնետային առևտուր,
  • կատարելու և ստանալու քարտից քարտ փոխանցումներ,
  • պարբերաբար ստանալու հաշվի քաղվածքներ և հետևելու ֆինանսական վարքագծին՝ ինչ ծախսեր եք կատարել, որոնք կարելի է կրճատել և այլն,
  • քարտի կորստի կամ վնասվելու դեպքում (հրդեհից, ջրից և այլն) խուսափելու դրամական միջոցների կորստից,
  • շահավետ պայմաններով օգտվելու նաև այլ ֆինանսական ծառայություններից և այլն:

Քարտի գործածման ողջ ընթացքում դրա սեփականատերը քարտը թողարկող բանկն է:

Վճարային քարտ ձեռք բերելիս պետք է ուշադիր լրացնել տվյալները, օրինակ՝ արդյոք ցանկանու՞մ եք հաշվի քաղվածքները ստանալ էլ. նամակի տեսքով (այս տարբերակն ընտրելիս ստուգե՛ք, որ էլ. հասցեն ճիշտ լրացված լինի) կամ առձեռն՝ բանկի տարածքում ինքնուրույն ստանալու միջոցով:

Այս տարբերակն ընտրելու դեպքում իմացե՛ք, որ մինչև դուք չներկայանաք բանկ և չպահանջեք ձեր քաղվածքը, բանկը պարտավոր չէ ձեզ այն տրամադրել այլ եղանակով: Մեծանում է հավանականությունը, որ եթե չվերցնեք ձեր քաղվածքը և չստուգեք ձեր կողմից կատարված գործարքները, ապա զեղծարարություն տեղի ունենալու դեպքում չեք կարողանա բողոքարկել, քանզի կլինեք անտեղյակ):

Մինչ պայմանագրի կնքումը, ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված բոլոր կետերը: Պայմանագրի կետերի չիմացությունը ձեզ չի ազատում հետևանքներից: Մասնավորապես ուշադրություն դարձրեք պայմանագրի հետևյալ կետերին`

  • քարտի տեսակին և նկարագրությանը,
  • պարտադիր վճարներին,
  • վավերականության ժամկետին,
  • որքա՞ն է մեկանգամյա կանխիկացման գումարի առավելագույն չափը,
  • առավելագույնը քանի անգամ է հնարավոր գումար կանխիկացնել մեկ օրում,
  • արդյոք հնարավո՞ր է ձեռք բերել վարկային գիծ կամ օվերդրաֆտ,
  • արդյոք հնարավո՞ր է համացանցի միջոցով առևտուր կատարել,
  • որո՞նք են ձեր իրավասությունները,
  • ի՞նչ գործողությունների դեպքում ինչպիսի պատասխանատվություն եք կրում,
  • պատասխանատվության ի՞նչ միջոցներ են նախատեսված,
  • և ի՞նչ հետևանքներ դրանք կարող են ունենալ ձեզ համար:

Հիշե՛ք՝ դուք իրավունք ունեք բանկից պահանջելու այն փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշվում են ձեր պայմանագրի պայմանները:

Ակտիվացրե՛ք քարտային հաշվում գումարի շարժի դեպքում հաղորդագրության (SMS) միջոցով տեղեկացում ստանալու ծառայությունը. դուք ինքներդ եք որոշում գումարի այն սահմանաչափը, որը գերազանցող գործարքի դեպքում կստանանք հաղորդագրություն (SMS)՝

  • Մուտք հաշվին XXX դրամ, գումարի աղբյուրը, ժամանակը: Մնացորդ XXX դրամ:
  • ATM կանխիկացում XXX դրամ, ժամանակը: Մնացորդ XXX դրամ:
  • Գնում XXX դրամ: Վաճառքի կետը, ժամանակը: Մնացորդ XXX դրամ:

Այս ծառայությամբ կվերահսկեք ձեր գործարքները, կբացառեք առանց ձեր իմացության գործարքների իրականացումը:

Պայմանագիրը ստորագրելիս ձեզ հնարավորություն է տրվում ընտրելու քարտային հաշվի քաղվածքի ստացման եղանակը: Ընտրե՛ք քաղվածքները նամակով կամ էլ. փոստով ստանալու հնարավորությունը, որպեսզի կարողանաք վերահսկել ձեր գումարի շարժը:

Որոշ առաջարկների պարագայում ձեզ հնարավորություն է տրվում, որ ինքներդ ընտրեք ձեր քարտի համար սահմանաչափեր, թե, օրինակ՝ առավելագույնը որքան գումարի գործարք կարող եք իրականացնել ձեր քարտային հաշվով:

Եթե ունեք այլ հարցեր, ապա դիմե՛ք բանկին, նախքան պայմանագիրը կնքելը: Վերջինս կտրամադրի ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկատվություն:

Պայմանագիրը ստորագրելուց հետո անպայման վերցրե՛ք պայմանագրի ձեր օրինակը, պահպանե՛ք այն ապահով տեղում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել