Արա Այվազյանն ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահին

Ապրիլի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆաննի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Արա Այվազյանը բարձր գնահատեց Կարոլինա Ֆերնանդեսի՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան այցը և հայ ժողովրդին ցուցաբերված զորակցությունը, ինչը մարդու հիմնարար իրավունքների և համամարդկային արժեքների նկատմամբ Կենտրոնամերիկյան խորհրդարանի հստակ դիրքորոշման արտահայտում է։

Երկուստեք կարևորվեց ՀՀ Ազգային ժողովի և Կենտրոնամերիկյան խորհրդարանի միջև փոխգործակցության սկզբնավորումը, որը կնպաստի նաև տարածաշրջանի հետ Հայաստանի փոխշահավետ համագործակցության խթանմանը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի լայն շրջանակի։ Ընդգծվեց մարդու իրավունքների խախտման հարցում միջազգային հանրության միանշանակ և միասնական դիրքորոշման կարևորությունը՝ որպես ապագայում մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման արդյունավետ գործիք:

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը բարձր գնահատեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի առնչությամբ Կենտրոնամերիկյան խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել