Դատարանը մերժել է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը․ փաստաբան

Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դատարանը ՄԵՐԺԵՑ Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

Դատարաններն իրականացնում են հանրության համար տեսանելի արդարադատություն։
Կեցցեն արժանապատիվ դատավորները։

Հատկանշական է, որ Դատարանը չի անդրադարձել խափանման միջոց կիրառելու հիմքերին։ Դատարանն արձանագրել է ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾԻ բացակայությունը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին կալանավորելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան։

«Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացել դատարան։ Այն մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին։ Վաղը՝ 13։00-ին տեղի է ունենալու դատական նիստւը»,- հայտնել էր փաստաբան Գայանե Պապոյանը։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, Մխիթար Զաքարյանի ձերբակալումը ճանաչել էր ոչ իրավաչափ։

Քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։

Ըստ քննչական կոմիտեի՝ Մեղրի համայնքի ղեկավարը, 2021թ. ապրիլի 21-ին տեղեկանալով ՀՀ Վարչապետի կողմից Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ համայնքներ այց կատարելու մասին, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների, իրեն և իր մտերիմներին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցների և իր մերձավոր շրջապատի մի խումբ անձանց, Մեղրի և Ագարակ համայնքների մի շարք բնակիչների մասնակցությամբ կազմակերպել և ղեկավարել է նրանց կողմից կատարված խուլիգանական գործողությունները:

Մասնավորապես, երբ ՀՀ Վարչապետը փորձել է հանդիպումներ, շփումներ ունենալ նշված քաղաքների բնակիչների հետ, որն ուղեկցվել է լրատվամիջոցներով ուղիղ հեռարձակմամբ, Մեղրի համայնքի ղեկավարը համակարգել է խուլիգանություն կատարող անձանց գործողությունները, որի արդյունքում նշված անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք դրսևորելով շրջապատի նկատմամբ, հրապարակայնորեն հայհոյանքներ են հնչեցրել, ինչպես նաև խոչընդոտել են ՀՀ Վարչապետի և նրան ուղեկցող անձանց տեղաշարժն ու հանդիպումը բնակչության հետ՝ առաջացնելով իրարանցում և քաշքշուկ: Այդ ընթացքում խուլիգանություն կատարող անձինք չեն ենթարկվել իրավապահ մարմինների ծառայողների օրինական պահանջներին, այլ դիմադրություն ցույց տալով՝ հրմշտել, քաշքշել և հարվածներ են հասցրել նրանց:

Նկարի նկարագրությունը հասանելի չէ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել