«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր համակիրների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այն հարցին, որ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է այսօր իր ելույթում արտասանի «ցեղասպանություն» եզրույթը, Ծառուկյանը նշեց, որ դա Հայաստանին ևս մեկ լծակ կտա՝ Թուրքիայի դեմ մարտավարություն իրականացնելու համար։
Ինչ վերաբերում է նրան, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն հնարավոր է դաշինքով հանդես գա՝ կուսակցության առաջնորդը նշեց․ «Դուք մամուլի գրածը հիմնավորու՞մ եք։ Դա ասեկոսեներ են, ավելորդ խոսակցություններ են, հեյրուրանքներ են, որ դա տարածում են, դա լուրջ մի ընդունեք»։
Անդրադարձ եղավ նաև որդու՝ Նվեր Ծառուկյանի շքեզ հարսանիքին, ինչի մասին Գագիկ Ծառուկյանը նշեց․ «Ես պատրաստ եմ, դուք գիտեք, Ծառուկյանը պատրաստ է ցանկացածի պատասխան և իրական պատկերը տա՝ անկախ ամեն ինչ, եթե Ծառուկյանն է, եթե ես եմ, դա տարիուկես հետո էլ անեի՝ նույն լրատվականները, որ լուրեր են տարածում և տերերի պատվերը կատարելով ինչ-որ դիվիդենտներ են շահում։ Ես ասում եմ՝ տարիուկես հետո էլ անեի՝ նույն պատվերը լինելու էր։ Ես մինչև այսօր չեմ ասել, բայց ուզում եմ բոլորի համար ասել, որ պատերազմը սկսեց՝ Ծառուկյանը բերդում էր, ես, և 3 մլն դոլար ուղարկել եմ Արցախ՝ մեր բանակի, մեր հզորության համար։ Այդ մասին լուրեր տարածողները կամ դրանց տերերը սկի չեն էլ խոսում։ Էսօր մենք գիտենք՝ էդ տարածողներն ովքեր են, տերերն ովքեր են, ուզում են լուրեր հավաքեն, դիվիտենտ հավաքեն, բայց դրանք հարսանիքի էլ են մասնակցում, ուտել-խմելու, քեֆերի էլ են մասնակցում և այսօր երբեք ու երբեք չի եղել, որ այսօր կարողանան որևէ ոլորտի, որևէ հարցով աջակից կամ մասնակից լինեն»։
Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ էր նման հարսանիք կազմակերպելը, երբ շատ մայրեր չեն կարողացել իրեն որդիներին հողին հանձնել, Գագիկ Ծառուկյանը նշեց․ «Ամեն մարդ իր երեխայի համար․․․ Դե ես պետք է ճոխ անեմ, դու մի քիչ անես, հո դու իմ պես չես կարողանա անես, ամեն մարդ իր հնարավորության սահմանում, իր երեխայի համար անում է»։