«Մենք ունենք դարավոր թշնամի՝ թուրքն է, միշտ պիտի զգույշ լինենք, միշտ պիտի փայտը ձեռքներիս լինի»,-այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը:
Նրա խոսքով՝ մենք պատմությունից դասեր չենք քաղել. «Մենք կարողացանք 2-րդ հազարամյակի վերջին, ի դեմս Վազգեն Սարգսյանի, մենք կարողացանք համախմբվել, տանել հաղթանակ»,-նշեց նա:
Պատգամավորն ասաց, որ մինչև այսօր Երկրապահ կամավորականների ջոկատները սահմաններում են, Սյունիքում են:
«Մենք կանգնել ենք սահմաններում մինչև այսօր, որ մեր բանակն ազատ լինի, իր գործողությունն անի, հզորանա, համալրվի և մարտունակ տեսքի գա»,-ասաց նա:
Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած դեպքերին՝ ԵԿՄ նախագահն ասաց, որ իր կարծիքով սյունեցիները հարց պետք է դնեին վարչապետի առջև՝ պարոն վարչապետ, մեր տարածաշրջանում ի՞նչ է կատարվելու:
«Բոլորս էլ մտահոգ ենք Սյունիքի համար, դրա համար էլ ես մինչև այսօր զորքն այնտեղից չեմ հանում: Ալիևը հոխորտում է, որ Զանգեզուրը կվերցնի, դրա համար էլ ես իմ գործն եմ անում»,-նշեց Սասուն Միքայելյանը: