«Պաշտոնական Երևանի դիրքորոշումը նույնն է՝ Թուրքիայի հետ հարաբերությունները պատրաստ ենք վերսկսել առանց որևէ նախապայմանների, իսկ նախապայմանները ներկայացվում են միայն թուրքական կողմից»,-այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:
Նրա խոսքով՝ այս պահին որևէ երկխոսություն Հայաստանի և Թուրքիայի միջև չկա:
Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ նա ասաց. «Այս պահին Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Մինսկի խմբի և իր համանախագահող երկրներից բացի, որևէ այլ ձևաչափ չենք քննարկում: Աշխատանքներ կան և ես ուզում եմ հավատալ, որ դրանք կդառնան տեսանելի»,-ասաց նա:
Անդրադառնալով այն տեսակետին, թե հնարավոր է, որ այսօր՝ ապրիլի 24-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կարտաբերի ցեղասպանություն բառը՝ Ադոնցն ասաց, որ դա շատ կարևոր քայլ կլինի. «Եվս մեկ անգամ Ամերիկան կհաստատի իր մոտեցումը, թե ինչպես է արժևորում մարդու հիմնարար իրավունքները, ինչպես նաև այդ քայլն օրինակ կծառայի քաղաքակիրթ աշխարհի մնացած երկրներին, որոնք առ այսօր դեռ իրենց դիրքորոշումը չեն հայտնել ցեղասպանության ճանաչման հետ կապված»,-նշեց փոխնախարարը: