Ապրիլի 22-ին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչներ ԱՀ նախագահի հրամանագրի հիման վրա հետմահու «Մարտական ծառայության» համար շնորհված հուշամեդալները հանձնեցին Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված զինծառայողներ Ներքին Գետաշեն համայնքից՝ Շոթա Արմենակի Գևորգյանի, Գոռ Լյովայի Հակոբյանի, Էմին Վանյայի Սիմոնյանի, Արսեն Հայկի Խաչատրյանի, Կարեն Հովիկի Հարությունյանի, Վերին Գետաշեն համայնքից՝ Էդգար Շահենի Բաղդասարյանի, Ծովինար համայնքից՝ Շոթա Ազիզի Զաքարյանի, Վարդենիկ համայնքից՝ Արտաշես Ռուստամի Այվազյանի, Երանոս համայնքից՝ Վահագն Մարտիկի Մխեյանի, Գեղհովիտ համայնքից՝ Գարիկ Գառնիկի Հովհաննիսյանի և Աստղաձոր համայնքից՝ Արման Մանվելի Պողոսյանի ծնողներին:
Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանից։
Զոհված հերոսների ընտանիքներ կատարած այցելությունների ընթացքում մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը հիշատակի և ոգեկոչման խոսքեր է հնչեցրել հերոս տղաների մասին, սփոփել նրանց ծնողներին: « Շատ ծանր է կորստյան ցավը, սակայն դուք պետք է տոկաք, ձեր մեջ ուժ գտնեք դիմանալու այդ ցավին: Ձեր զավակները մահն իրենց աչքերում պայքար են մղել թշնամու դեմ՝ հանուն մեր երկրի խաղաղության, հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության: Դուք պետք է հպարտորեն կրեք ձեր վիշտը, քանզի դուք այլևս հերոսածին ծնողներ եք: Մենք գլուխ ենք խոնարհում մեր քաջ տղաների անմար հիշատակի առջև»,-նշել է Սևակ Խլղաթյանը: