Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են․
«Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը, այսօր իր աղբյուրներին հղում անելով, տեղեկատվություն է հրապարակել, թե դատավորները համատարած արձակուրդի դիմումներ են գրում, և կովիդով վարակվելու դեպքեր կան, եզրակացրել, թե իբր պատճառը ներքաղաքական լարված իրավիճակն է, ու էլի ըստ իր տեղեկությունների՝ իրականության հետ աղերս չունեցող մի շարք պատճառներ նշել:
Ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը՝ թեև ներկայացրել ենք այս պահի դրությամբ արձակուրդում և կովիդով պայմանավորված ինքնամեկուսացման մեջ գտնվող դատավորների քանակական տվյալները, սակայն հարկ ենք համարում նաև հրապարակել դրանք՝ հանրությանը պաշտոնապես ներկայացնելու օբյեկտիվ իրականությունը:
22.04.2021 թ. դրությամբ արձակուրդում է գտնվում 21 դատավոր, իսկ COVID-19 թեստի դրական արդյունքով պայմանավորված` 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ արձակուրդում կամ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող դատավորների քանակը էական տարբերություն չի կրել»: