Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ այսօր Հովսեփյանին ապօրինի բերման են ենթարկել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը։
«Նշվածի մասին իրազեկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Կից ուղարկվել են նաև լուսանկարներ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նա ոստիկանների ուղեկցությամբ Երևան է տեղափոխվել։
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին և 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում էր, որտեղ այցելել է տարբեր համայնքներ։ Այցի ընթացքում քաղաքացիները ճանապարհներ են փակել, բողոքի ակցիաներ իրականացրել, հայհոյանքներ հնչեցրել,բացականչել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» և այլ արտահայտություններ։
Տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո քրեական գործ է հարուցվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու հոդվածներով։
Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պետին ու ոստիկանապետին հրահանգել է չմասնակցել խորհրդակցության, գնալ, զբաղվել քրեական գործով՝ միաժամանակ հույս հայտնելով, որ իրավապահները կոշտ կարձագանքեն տեղի ունեցածին, որ միջադեպի մասնակիցները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։