Հակոբ Արշակյանի և լրագրողի գործով դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ վերացնելով ՀՔԾ-ի որոշումը

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Իրավաբան․net-ին հայտնեց, որ ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի գործով դատախազությունը քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացրել։

Նշենք, որ ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ հարուցելու դիմումը։

Ըստ նրա՝ ՀՔԾ-ն իրավական գնահատական էր տվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, 164-րդ, 185-րդ, 186-րդ և 258-րդ հոդվածների համատեքստում՝ հանգելով հետևության, որ բացակայում է հանցակազմը։

«Որոշման օրինականությունը Գլխավոր դատախազության ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում ստուգելու և նյութերին ծանոթանալու արդյունքում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին այդ որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշում»,-ասաց Գոռ Աբրահամյանը։

Նա նշեց, որ քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ՝ նախաքննություն իրականացնելու և տեղի ունեցածի ամբողջական հանգամանքները պարզելու, վերջնական իրավական գնահատական տալու նպատակով։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին «Մամուռ» սրճարանում ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել: Դեպքի առնչությամբ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել էր, որ սրճարաններում մեկում տեսել է նախարար Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում, Արշակյանը պատասխանել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Ըստ լրագրողի՝ դրանից հետո նախարարը խնդրել է անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ:

Միջադեպից հետո Հակոբ Արշակյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել