Սյունիքի մարզի դատախազի կողմից Նիկոլ Փաշինյանին տեղեկատվության ներկայացումը շահարկումների առարկա է դարձել․ Գոռ Աբրահամյան

Սյունիքի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ դատախազության ներկայացուցիչներից հետաքրքրվում է, թե ինչ փուլում է Մեղրիում տեղի ունեցածի վերաբերյալ քննությունը։

Նշենք, որ այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ հայհոյանքներով փորձել են խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներ՝ վարչապետի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով ու «Նիկոլ դավաճան» գոռալով։

Իրավաբան․net-ը Գլխավոր դատախազությունից փորձել է պարզել՝ դատախազին և քննիչին ուղղված վարչապետի հարցերը արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու հատկանիշներ պարունակում են, թե՝ ոչ։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շահարկումների առարկա է դարձել Սյունիքի մարզի դատախազի կողմից տեղեկատվության ներկայացումը։

«Պետք է նշեմ, որ ՀՀ վարչապետը քրեադատավարական սուբյեկտ չի հանդիսանում, անգամ տեսանյութից է պարզ երևում, որ նրա կողմից որևէ հանձնարարություն չի տրվում և չէր կարող տրվել մարզի դատախազին։ Իսկ վերջինս քննարկման ժամանակ ընդամենը տեղեկատվություն է տրամադրում քրեական գործի հարուցման մասին, ինչը հրապարակային տեղեկատվություն է և որևէ մանրամասն վարույթի, դրա շրջանակներում իրականացված կամ իրականացվող գործողությունների մասին չի պարունակում»,-նշում է նա։

Աբրահամյանի խոսքով՝ կայացած խորհրդակցությունից դեռ ժամեր առաջ դատախազությունն արդեն իսկ հայտնել էր, որ Սյունիքի մարզում այսօր կատարված դեպքերի կապակցությամբ ոստիկանությանը հանձնարարվել է իրականացնել քրեական վարույթ․ «Եվ այն, ինչի մասին տեղեկացրեց մարզի դատախազը, դրա տրամաբանական շարունակությունն է։ Այս տեսակետից նմանատիպ պնդումները, այդ թվում նաև տեղի ունեցածի իրավաչափության վերաբերյալ տրվող գնահատականների կապակցությամբ, պարզունակ շահարկումներ են։ Դատախազությունը մեր երկրում իրավակարգի պահապանն է՝ անկախ նրանից՝ կոնկերտ պահին ում դա կվերաբերի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել