ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ՝ բացահայտել են Շիրակի մարզի Բագրավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու և համայնքի առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17.275.000 ՀՀ դրամի գույք հափշտակելու դեպքեր:
Այս մասին տեղեկանում ենք Ազգային անվտանգության ծառայությունից:
Այսպես.
Համայնքի ղեկավար Ա.Պ-ն, նախնական համաձայնության գալով որոշ համագյուղացիների հետ, Բագրավանի համայնքապետարանում աշխատանքի է ընդունել մի շարք անձանց, նրանց աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, իրենց գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ: Այնուհետև, բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից մի շարք անձանց անվամբ անհիմն կարգով ելքագրվել և ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով՝ վատնման կամ յուրացման եղանակով 2015-2017 թվականների ընթացքում հափշտակվել է ընդհանուր 6.020.000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, Բագրավան համայնքի ղեկավար Ա.Պ-ն, նախնական համաձայնության գալով համայնքապետարանի հաշվապահի հետ, 2012-2013 թվականներն ընկած ժամանակահատվածում, համայնքի 22 բնակիչներից ստանալով պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված սերմացու ցորենի դիմաց կատարած 2.000.000 ՀՀ դրամ գումարի չափով վճարումները, այն չի մուտքագրել համայնքի բյուջե, չի փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱ կազմակերպության հաշվեհամարին և օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ յուրացման եղանակով հափշտակել է:
Վերոնշյալից բացի, Բագրավան համայնքի ղեկավարը 2010-2014 թվականների ընթացքում համայնքի սոցիալապես անապահով 10 անձանց անուններով լրացված և այլ անձանց կողմից ստորագրված կեղծ դիմումներով, համայնքի բյուջեից ելքագրել է ընդհանուր 1.500.000 ՀՀ դրամ գումար, որը չի փոխանցել վերջիններիս, փոխարենը հափշտակել է՝ օգտագործելով իր անձնական կարիքների համար:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ Բագրավան համայնքի ղեկավար Ա.Պ-ն, խարդախության եղանակով ուրիշի՝ առանձապես խոշոր չափերի հասնող գույքը հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ազգականների հետ՝ կազմել և վավերացրել է վերջիններին պատկանող ավտոմեքենաները համայնքապետարանի կողմից վարձակալելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ պայմանագրեր, այնինչ, իրականում նշված ավտոմեքենաները երբևէ չեն օգտագործվել Բագրավան համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից կամ համայնքի կարիքների համար, որի արդյունքում կնքված ակնհայտ կեղծ վարձակալական պայմանագրերով պարտավորությունների կատարման շրջանակներում ավտոմեքենաների սեփականատերերի անվամբ համայնքի բյուջեից ելքագրվել և խարդախության եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7.775.000 ՀՀ դրամ գումարը:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումներ Բագրավանի համայնքապետարանում կատարված կոռուպցիոն այլ հանցագործությունների դեպքերը բացահայտելու և դրանց արդյունքում տուժած քաղաքացիների ինքնությունները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: