Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համատեղ աշխատանքային այցով այսօր ժամանել է Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Նախագահն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքեր, ծանոթացել սահմանային բնագծին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կեցության պայմաններին, զրուցել սահմանային բնագիծը պահող զինծառայողների հետ:
Հանրապետության նախագահը գերազանց ծառայության համար մի խումբ զինծառայողների պարգևատրել է անվանական ժամացույցներով։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ մի քանի անգամ եղել է այս հատվածում, որտեղ տղաները դժվարին պայմաններում իսկապես հերոսական ծառայություն են իրականացնում։
«Դուք ձեր պարտականությունները լավագույնս եք կատարում: Իրար կողքի եղեք, իրար լավ նայեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար և, հետևեք ձեր առողջությանը։ Հիշեք ձեր ընտանիքը, ծառայեք հայրենիքին և աջակցեք իրար, -ասել է Հանրապետության նախագահը և բոլորին բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթել։ -Ես հրամանատարի հետ էի խոսում, շատ բարձր կարծիքի է ձեր մասին։ Այսօր նրա գովեստի խոսքերը ձեր մասին ընդունում եմ որպես գնահատական և ձեզնից յուրաքանչյուրին կրկին մաղթում եմ ամրություն։ Վստահ եղեք, որ մենք բոլորս մտածում ենք ձեր մասին, տղաներ։ Պինդ եղեք»»,- ասված է հայտարարության մեջ: