Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը բարձրացվեց․ ԱԺ-ն օրենքն ընդունեց

Ազգային ժողովի կողմից այսօր՝ ապրիլի 19-ին, ընդունվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 103 կողմ, 2  ձեռնպահ ձայների քվեարկությամբ՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Օրենքի համաձայն կբարձրացվի պայմանագրային զինծառայության տարիքային շեմը։

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով նախագիծը նշել էր, որ դրա անհրաժեշտությունն առաջացել է, երբ իրենց դիմել են պատերազմի մասնակից, կռվի փորձ ունեցող, առողջ անձիք, որոնց տարիքը բարձր է 45-ից։

Այսպիսով, օրենքի 30-րդ հոդվածում, որով սահմանվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կարգը և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը՝ փոփոխություն կկատարվի, որի համաձայն․

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել՝

1) 18 տարին չլրացած քաղաքացիները՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու դեպքում.

2) պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, ներառյալ` սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված անձինք.

3) նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 40 տարեկան՝ պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները և իգական սեռի քաղաքացիները` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, ինչպես նաև պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերում հաշվառված մինչև 50 տարեկան քաղաքացիները՝ զորամասային օղակում ծառայության նշանակվելու դեպքում։

2. Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել այն քաղաքացին՝

1) որն օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն.

2) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ որն ունի չհանված կամ չմարված դատվածություն.

3) որն առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:

3. Պայմանագիր կնքելը մերժելու դեպքում պետական լիազոր մարմինը պարտավոր է այդ մասին եռօրյա ժամկետում գրավոր ծանուցել քաղաքացուն՝ նշելով մերժման հիմքերը և պատճառները:

4. Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը սահմանվում է`

1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 50 տարեկանը.

2) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 52 տարեկանը.

3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 55 տարեկանը.

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող զինծառայողների համար՝ մինչև 58 տարեկանը.

5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 60 տարեկանը.

6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը:

5. Սահմանային տարիքի հասած պայմանագրային զինծառայողների զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 5 տարի ժամկետով, յուրաքանչյուր դեպքում՝ մեկական տարով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով և կոլեգիալ որոշման հիման վրա:

Բացի այդ, փոփոխություն է կատարվել օրենքի 57-րդ հոդվածում, որով սահմանվում է պահեստազորի խմբերը և պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը։ 

1. Պահեստազորում քաղաքացիների հաշվառումն իրականացվում է ըստ զինվորական ծառայության կազմերի՝ տարիքային երկու խմբով:

2. Պահեստազորի առաջին խմբում հաշվառվում են՝

1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները՝ մինչև 53 տարեկանը.

2) կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները՝ մինչև 55 տարեկանը.

3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 58 տարեկանը.

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները՝ մինչև 60 տարեկանը.

5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 65 տարեկանը.

6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 70 տարեկանը:

3. Պահեստազորի երկրորդ խմբում հաշվառվում են՝

1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները՝ մինչև 55 տարեկանը.

2) կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները՝ մինչև 57 տարեկանը.

3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 60 տարեկանը.

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները՝ մինչև 63 տարեկանը.

5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 68 տարեկանը.

6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 70 տարեկանը:

4. Պահեստազորի առաջին և երկրորդ խմբերը բաժանվում են երկու կարգի՝ ըստ պահեստազորայինի զինվորական պատրաստության աստիճանի:

5. Առաջին կարգում հաշվառվում են`

1) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք սույն օրենքով սահմանված ժամկետներում անցել են պարտադիր զինվորական ծառայություն.

2) ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են հրամանատարական կազմի կրտսեր հրամանատարական խմբի պաշտոններ.

3) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք`

ա. չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն,

բ. զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են հրամանատարական կազմի կրտսեր կամ միջին հրամանատարական խմբերի պաշտոններ.

4) ավագ սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են հրամանատարական կազմի ավագ կամ բարձրագույն հրամանատարական խմբերի պաշտոններ.

5) բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են հրամանատարական կազմի բարձրագույն հրամանատարական խմբի պաշտոններ.

6) մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիները` անկախ զինվորական ծառայություն անցնելու ժամկետից.

7) զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները:

6. Երկրորդ կարգում հաշվառվում են`

1) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք`

ա. չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն,

բ. զինվորական ծառայության մեջ են գտնվել վեց ամսից պակաս ժամկետով,

գ. զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով,

դ. ռազմահաշվառական մասնագիտություն ստացած և զինվորական ծառայություն չանցած իգական սեռի քաղաքացիները.

2) ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք`

ա. պայմանագրային զինվորական ծառայության մեջ են գտնվել մեկ տարուց պակաս ժամկետով,

բ. պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով.

3) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք`

ա. զինվորական ծառայության մեջ են գտնվել մեկ տարուց պակաս ժամկետով,

բ. զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով,

գ. զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են բացառապես ոչ հրամանատարական կազմի կրտսեր սպայական խմբի պաշտոններ.

4) ավագ սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք`

ա. զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով,

բ. զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են բացառապես ոչ հրամանատարական կազմի ավագ սպայական խմբի պաշտոններ.

5) բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք`

ա. զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով,

բ. զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են բացառապես ոչ հրամանատարական կազմի բարձրագույն սպայական խմբի պաշտոններ:

7. Պահեստազորի առաջին խմբում հաշվառված պահեստազորայինի` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանային տարիքը լրանալու դեպքում պահեստազորայինը փոխանցվում է պահեստազորի երկրորդ խումբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել