Հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը. Մայր Աթոռ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը, նրանք  քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները:

«Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկեցին արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և արցախյան երկրորդ պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առումով երկուստեք կարևորվեց համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ներկա պայմաններում արցախահայության, մասնավորապես զոհված, գերության մեջ գտնվող զինվորականների և անհայտ կորածների ընտանիքների հոգևոր խնամքի և աջակցության Մայր Աթոռի ծրագրերին։ Այս կապակցությամբ Արցախի նախագահը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը Մայր Աթոռի և նրա աշխարհասփյուռ թեմերի զորակցության համար պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում։

Վեհափառ Հայրապետը և նախագահ Արայիկ Հարությունյանը արծարծեցին նաև Արցախի բռնազավթված տարածքներում պատմա-մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, դրանց նկատմամբ ոտնձգությունների և վայրագությունների կասեցման ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել