Արցախում կբարձրացվի պայմանագրային զինծառայոության ու պահեստազորի տարիքային շեմը․ ԱՀ ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, ապրիլի 16-ի արտահերթ նիստում քննարկել և միաձայն կողմ է քվեարկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կայքից։

Խորհրդարանում օրենքի նախագիծը ներկայացրել է  Արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը:

Ըստ օրենքի փոփոխությունների՝ կբարձրացվեն պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու, պահեստազորի խմբերում և պահեստազորում գտնվելու տարիքային սահմանաչափերը, ինչը պայմանավորված է Արցախում հետպատերազմյան իրավիճակով և զինված ուժերի անձնակազմը համալրելու անհրաժեշտությամբ:

Արտահերթ նիստի օրակարգային երկրորդ հարցը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծն էր, որը մշակվել է արդարադատության նախարարության աշխատակազմի կողմից:
Օրինագծով, որը խորհրդարանը, նույնպես, ընդունել է միաձայն քվեարկությամբ, սահմանվում են կատարողական գործողությունների կատարման ծախսերը չգանձելու դեպքերը՝ օրենքով նախատեսված համապատասխան հիմքերով կատարողական վարույթների ավարտի կամ կարճվելու պարագայում:Ըստ օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների՝ եթե պարտատերը ներում կամ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում պարտապանին, ապա կատարողական վարույթի կատարման ծախսերը չեն գանձվելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել