Երևանի ավագանու անդամ Սիփան Ասատրյանը քաղաքացիներին մի քանի «կանոններ» է նեքրկայացրել, թե ինչպես կարելի է փողոցում օգնել չտեսնողներին․
«Խնդրանք/հորդոր/կանոններ, որ քաղել եմ այսօր Երևանում պտտվելիս․
1. Երբ ձեր տրանսպորտը գալիս է և պետք է հեռանաք կանգառում ձեզնից ավտոբուսի համար հարցրած չտեսնողից, նրան անպայման զգուշացրեք ձեր հեռանալու մասին, քանի որ մինչ դուք արդեն հեռու կլինեք նրանից առնվազն մի քանի կանգառ կամ գուցե հասած կլինեք տուն, նա դեռ սպասելիս կլինի, որ դուք նրան ավտոբուսի համար եք ասելու… Ինչպե՞ս զգացի ես այսօր, որ տիկինն ինձանից հեռացել է. ավտոբուս էր, որ գալիս էր և հնարավոր չէ, որ դրանց մեջ չլիներ Նոր Նորք բարձրացող գեթ մեկ ավտոբուս։ Կասկածներս ինձ հուշեցին, որ նա, ում ապավինել էի, հեռացել է ինձանից և նոր ապավինյալներ գտա…
2. Երբ աջակցություն եք առաջարկում չտեսնողին, հարցրեք, թե ի՞նչ աջակցություն կուզեր նա և ինչպե՞ս կուզենար ստանալ։ մեկ մատով Մի բոթեք նրան աջ և ձախ կամ մի՛ գրկեք նրա մեջքը։ Ցանկալի չէ բռնել նրա ձեռքից, մտնել թևն ու ձգել վեր նրա թևատակից։ Քաշելը, հրելը և բրդելը չտեսնողին խիստ արգելվում է։ Այսօր ինձ մետրոյում աջակցություն առաջարկած մարդուն ինքս առաջարկեցի ձեռքս դնել նրա ուսին՝ թիակախառն։ Չգիտեմ, նրան դա դուր եկա՞վ (առաջարկում էր կողքով քայլել, իսկ դա այնքան էլ աջակցություն չեմ համարում, քանի որ այդ աջակցությունն ուղեկցվում է ընթացիկ բոթոցներով և այլ տիպի միջամտություններով)։ Շնորհակալություն հայտնեցի և արագ հեռացա նրանից։
3. Խնդրում եմ չնեղանալ և չվիրավորվել ավտոբուս բարձրանալ ցանկացող չտեսնողից, առավել ևս խնդրում եմ անարգանք չհամարել այն, որ նա կանանց և տարիքով անձանց չի զիջում ավտոբուս մտնելիս։ Սպիտակ ձեռնափայտով մարդիկ չտեսնողներ են և չեն կարող իմանալ՝ ավտոբուսի դռան շուրջ խմբված քանի՞ հոգի կա, քանի՞սն են կին, տարիքով, երեխա… Եթե նրանք երկար սպասեն՝ բոլորին զիջելու մեծ ցանկությամբ, ավտոբուսի դռները կարող են փակվել և…
4. Ավտոբուսների վարորդներին խնդրում եմ տարօրինակ չնայել, եթե ինչ-որ մեկը նրանց ձեռքը գտնելու և դրամն այնտեղ դնելու ճանապարհը կսկսի նրանց ուսագոտուց, ապա կիջնի թևքով, որից հետո վերջապես նրանց մեծ-մեծ՝ աշխատանքից կոշտացած ձեռքերը կգնի։ Դա ընդամենն արվում է, որ դրամը ճիշտ տեղ դրվի, չընկնի ցած և անհարմարություն չպատճառի թե՛ վարորդին, թե՛ չտեսնող անձին։
Հ.Գ. Այս հեծանիվը ես չեմ հայտնաբերել, հայտնի կանոններ են, պարզապես ծաղկաքաղ արեցի ամենօրյա իմ կյանքից և ներկայացրի ձեզ»։