Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք վարչական շրջանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Վերջին օրերին հասարակական լայն արձագանքի առիթ են դարձել Բաղրամյան 79ա հասցեում գտնվող կանաչապատ տարածքի ծառահատման և մանկական խաղահրապարակի ապամոնտաժման աշխատանքները։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շուրջ 500 քմ տարածք սեփականաշնորհվել է ֆիզիկական անձի կողմից։ Հետևաբար, աշխատանքներն իրականացվում են ոչ թե համայնքային սեփականություն հանդիսացող, այլ մասնավոր տարածքում, ինչից ելնելով Երևան համայնքը չունի խնդրին միջամտելու իրավական հնարավորություն։
Անկախ նշված փաստից՝ տարածքն իրենից ներկայացնում է փոքրիկ պուրակ և առերևույթ գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում. հետևաբար, խնդիրն ունի ուսումնասիրության անհրաժեշտություն:
Հիշեցնենք, որ Արաբկիր վարչական շրջանում նման խնդիր առաջացել էր նաև ‹‹Նոր Արաբկիր›› զբոսայգու (Մոլոկանի այգի) տարածքում, ինչի առթիվ ևս հարուցված է քրեական գործ: