Նոր փոփոխություններ՝ Քրեական դատավարության օրենսգրքում

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 4341 հոդվածում կատարել լրացում՝ համաձայն որի ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված հետախուզվողին հայտնաբերելուց և դատարան ներկայացնելուց հետո դատարանը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, հետախուզվողին հայտնաբերելու մասին տեղեկացնել դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին:

Նախարարության հիմնավորման մեջ նշվում է, որ այսպիսի կարգավորման դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված հետախուզվողին հայտնաբերելուց և դատարան ներկայացնելուց հետո դատարանը կունենա հստակ իրավական պարտականություն հետախուզվողին հայտնաբերելու մասին տեղեկացնել դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին, ինչով էլ կապահովվի վերջինիս գործառույթների լիարժեք իրացումը և պատժի ի կատար ածումը:

«Գործող օրենսդրական կարգավորումները չեն սահմանում հետախուզվող դատապարտյալին հայտնաբերելու պարագայում այդ մասին դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին հայտնելու պարտականություն, ինչի արդյունքում պրակտիկայում առկա են դեպքեր, երբ հետախուզվող անձն իրավասու մարմնի կողմից հայտնաբերվում է, ներկայացվում է համապատասխան հետախուզում հայտարարելու մասին որոշում կայացրած դատարան, սակայն դատապարտյալին հայտնաբերելու մասին վերջինիս վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինը մնում է անտեղյակ։ Արդյունքում՝ հնարավոր է դատարան ներկայացնելուց հետո դատապարտյալը չներկայանա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, իսկ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինը դատապարտյալին հայտնաբերելու վերաբերյալ տեղեկություններ չունենալու արդյունքում չձեռնարկի համապատասխան քայլեր՝ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ։ Նման պայմաններում ակնհայտ է, որ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը կարող է տևական ժամանակ դուրս մնալ վերջինիս վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի տեսադաշտից՝ դրանով իսկ վտանգելով պատժի նպատակների իրականացման գործընթացը, քանզի նման իրավիճակը հանգեցնում է դատապարտյալի՝ պատժի կրելուց խուսափելուն: Պրակտիկայում առաջացած այս խնդիրը լուծելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում կատարել լրացում»,-նշվում է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել