Ես կհորդորեմ բոլոր գործընկերներիս մնալ բարեվարքության և քաղաքավարության կանոնների մեջ. Գոռ Գևորգյան

«Խորհրդարանում անցել եմ «Իմ քայլի» ընտրացուցակով: Ներկայացված են եղել պատգամավորի մի խումբ թեկնածուներ, որոնցից մեկը ես եմ եղել և ձայների թվով հաղթել եմ մի շարք հնաբնակ կուսակցականների»,-այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Գոռ Գևորգյանը:

Նրա խոսքով՝ «ձեր թիմ» ասելով նա միտում չի ունեցել որևէ մեկին վիրավորելու. «Խոսքը վերաբերում էր այն գործընկերներին, ում հետ ես այլևս նույն խմբակցության մեջ չեմ և այն գործընկերներին, ովքեր որ իմ պատկերացմամբ ոչ տեղին բացականչեցին ծափահարություններով՝ մեր այսօրվա իրողությունների պայմաններում, ինձ համար դա անընդունելի էր և ես ընդամենը հայտնել եմ իմ կարծիքը»,-նշեց պատգամավորը:

Նա ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորները խորհրդարանում հայտնվել են նույն կերպ, ինչ՝ ինքը և հորդորեց, որ որևէ մեկը մեկնաբանություններ անելուց առաջ  պատասխան տա խորհրդարանում հայտնվելու իր հետագծի համար:

«Մի՞թե իմ խմբակցությունից դուրս գալը ամենամեծ բեռն է և ծանրագույն ողբերգությունը, որի շուրջ այսքան քննարկումներ են լինում: Ես լքել եմ խմբակցությունը, որովհետև կարծել եմ, որ այլընտրանքային ձայնի իրավունք ունեցող անձ, ես այստեղ դեռ ունեմ անելիք: Ես կհորդորեմ բոլոր գործընկերներիս մնալ բարեվարքության և քաղաքավարության կանոնների մեջ»,-նշեց Գոռ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո պատգամավորները ոտքի կանգնեցին, ծափահարեցին։ Պատգամավոր Գոռ Գևորգյանը նշեց, որ ամաչում է այդ ծափերի համար։

«Որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր, ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, չվերադարձած, գերեվարված հայրենակիցներ ու դեռ չխնկարկված գերեզմաններ։ Դուք պետք է ձեր թիմակիցներին գոնե փորձիք սաստել»,-ասաց պատգամավորը՝ վարչապետին։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե դուք ամաչում եք, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը հավատում է Հայաստանի Հանրապետության, Արցախի ապագային, դա ձեր պրոբլեմն է և ձեր շուրթերից «ձեր թիմակիցները» արտահայատությունը շատ խորհրդանշական է հնչում։ Էդ ո՞նց եք եկել էդտեղ նստել, ընդհանրապես, էդ որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք։ Ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում, դուք, կներեք, եթե օգտագործում եք՝ «ձեր թիմը» հարցը, դուք ընդհանրապես էդտեղ նստած հարց տալու իրավունք չունեիք և ես ձեզ ասում եմ, որ չունեք էդ իրավունքը։ Ես ձեր հարցերին չեմ պատասպանում, հարկ չեմ համարում պատասխանել, նույնիսկ չեմ լսել։ Այո, մենք ծափահարում ենք բոլոր էն մարդկանց, ովքեր հավատում են Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի ապագային և մենք ծնկաչոք ենք հիշատակում մեր նահատակներին։ Էդ ձեր էժան գործելակերպը՝ հղումներ անելով, դադարեցրեք։ Մի հատ հիշեք, թե որտեղից եք եկել, ոնց եք եկել։ Մի հատ արագ ձեզ ինքնահայեցման ենթարկեք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել