Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը՝ Բաղրամյան 79 հասցեում նախօրեին տեղի ունեցած ծառահատումների մասին

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասված է.

«Հաշվի առնելով լրատվամիջոցների հետաքրքրությունը հարցի վերաբերյալ, հարկ ենք համարում լրացուցիչ պարզաբանում ներկայացնել Արաբկիրում՝ Բաղրամյան 79 հասցեում նախօրեին տեղի ունեցած ծառահատումների թեմայի վերաբերյալ:

Խնդրո առարկա տարածքը մասնավորեցվել է տարիներ առաջ:
Դեռ 2008 թվականին տարածքի սեփականատերը Երեւանի քաղաքապետարանի հետ կառուցապատման նախագիծ է համաձայնեցրել, որի հիման վրա, սակայն, երբեւէ շինթույլտվություն չի տրվել:
Մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում առկա ծառահատումները արգելելու կամ թույլատրելու իրավասություն Երեւանի քաղաքապետարանը, ցավոք սրտի, չունի:

Սույնի վերաբերյալ, ի դեպ, տարակուսանք է հարուցում ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցչի՝ մամուլին տված մեկնաբանությունը, որը թյուրընկալման տեղիք կարող է տալ:
Տեսչական մարմնի ավագ տեսուչ Արսեն Խաչատրյանը, ըստ «168 ժամ» պարբերականի հրապարակման, մասնավորապես ասում է, որ [ծառահատումների հետ կապված] «խնդիրը հիմնականում Բնապահպանության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի փոխգործակցության բացակայության հետևանքն է։ Երևանի քաղաքապետարանը տալիս է շինթույլտվություն, որտեղ կան կենսունակ ծառեր, որի վերաբերյալ բնապահպանության և ընդերքի տեսչությունը տեղեկացված չի լինում»։

Կրկնում ենք՝ Երեւանի քաղաքապետարանը նշված տարածքում շինթույլտվություն չի տվել, իսկ հողի օտարումը կատարվել է շատ տարիներ առաջ (լրագրող գործընկերները կարող են Կադաստրի պետական կոմիտեից պարզել տվյալ տարածքի օտարման հանգամանքները)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել