Ադրբեջանի բարձր ղեկավարության նման մարդատյաց գործելաոճն առավել խոսուն է, քան խաղաղության և հանդուրժողականության, բազմամշակութայնության վերաբերյալ ցանկացած հայտարարություն կամ PR-ակցիա․ ԱԳՆ

Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվել է Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ: «Պուրակի» բացման արարողությունը և դրանում Ադրբեջանի նախագահի ելույթն ի ցույց են դնում, որ վերոնշյալ գործողությունն ուղղված է հրապարակայնորեն նսեմացնելու պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։

«Այն ժամանակ, երբ դեռևս լիովին հասցեագրված չեն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, երբ Ադրբեջանում պատանդառության մեջ են գտնվում բազմաթիվ հայ ռազմագերիներ, դիակապտության տարրերով պարուրված նման «ցուցադրության» կազմակերպմամբ Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն: Ադրբեջանի բարձր ղեկավարության նման մարդատյաց գործելաոճն առավել խոսուն է, քան խաղաղության և հանդուրժողականության, բազմամշակութայնության վերաբերյալ ցանկացած հայտարարություն կամ PR-ակցիա:

Մի կողմից Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս Հայաստանի կողմից հնարավոր ռևանշիզմի վերաբերյալ դիտարկումներով, իսկ մյուս կողմից նման ցուցադրությամբ փորձ է կատարում մոնումենտալացնել ռևանշիզմը, մարդատյացությունը և ազգամիջյան ատելությունը։ Նման քայլերն ի ցույց են դնում, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը ետհակամարտային իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել