Ապրիլի 25-ին նախատեսվում է տնկել շուրջ 300 հազար ծառ. նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարությունը նախապատրաստվում է համապետական ծառատունկին․ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսվում է տնկել շուրջ 300.000 տնկի: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին ընդառաջ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կայացել է աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը և նախարարի խորհրդականները։
Քննարկվել են ծառատունկը հավուր պատշաճի իրականացնելու համար անհրաժեշտ քայլերն ու գործիքակազմերը։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը նախարարին զեկուցել է, որ համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է․

100.000 տնկի, այդ թվում՝ վայրի խնձորենի, տանձենի և ընկուզենի հատկացնել Երևանի քաղաքապետարանին և հանրապետության խոշոր քաղաքներին ու համայնքներին՝ պուրակներում ու զբոսայգիներում ծառատունկ իրականացնելու համար,

200.000 տնկի տրամադրել մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարծքներում տնկելու համար։

Նախարարը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել ծառատունկի համար հատկացված համապատասխան բնութագրեր ունեցող անտառային տարածքների քարտեզագրմանը՝ հողի որակ, տեղումներ և այլն, ինչպես նաև հետևողական լինել տնկանյութի մատակարարումը ճշգրիտ կազմակերպելուն։

«Սա իր մասշտաբներով աննախադեպ ծառատունկ է, մեր համատեղ ջանքերն էլ ավելի եռանդուն պետք է լինեն։ «10 մլն ծառ» նախաձեռնությամբ Հայաստանն ուրվագծում է իր կանաչ ապագան, և մենք պետք է պատվով հաղթահարենք այս մարտահրավերը»,- աշխատանքային հանդիպումը եզրափակել է նախարարը։

«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում իրականացվող համապետական ծառատունկի կազմակակերպչական աշխատանքների համար նախատեսված են նաև միջգերատեսչական հանդիպումներ»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել