Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել, մերժելով Գևորգ Կոստանյանի պաշտպանների բողոքը: Այս մասին հայտնում է փաստաբան Գևորգ Գևորգյանը։
«Այսինքն՝ դատարանը հրաժարվել է Գևորգ Կոստանյանի նկատմամբ առանց որևէ ապացույցի, առնաց որևէ իրավական կամ փաստական հիմքի կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելուց, այն դեպքում, երբ միջազգային հեղինակություն ունեցող կառույցը՝ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլը) Գևորգ Կոստանյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդումը գնահատել է որպես անօրինական և քաղաքական:
Ավելին՝ դատարանը նույնիսկ հաշվի չի առել այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), իսկ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է, հետևաբար Գևորգ Կոստանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը նույնպես ենթակա է դադարեցման՝ արդարացնող հիմքով, իսկ խափանման միջոց կալանավորումը՝ վերացման, քանի որ ենթադրյալ սահմանադրական կարգի տապալումը հանդիսանում է Գևորգ Կոստանյանին մեղսագրված արարքների հանցակազմերի պարտադիր հատկանիշ, որի բացակայությունն ինքնին վկայում է Գևորգ Կոստանյանի արարքներում հանցագործության հանցակազմի բացակայության մասին:
Ընդ որում՝ այդ իրողությունը հասկանալու և գիտակցելու համար նույնիս իրավաբանական գիտելիքներ անհրաժեշտ չեն, ավելին՝ նշվածից ակնհայտ է, որ սահմանադրական կարգի տապալումը հակասահմանադրական ու անվավեր ճանաչելու պայմաններում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալումն իբրև թե թաքցնելն ինքնին դադարում է քրեորեն պատժելի արարք հանդիսանալուց:
Իրադարձությունների նման դասավորությունից տեսանելի է, որ ՀՀ վերաքննիչ քրեականդ դատարանի կողմից կայացված դատական ակտն ակնհայտ ապօրինի և հիմնազուրկ է և այն կրում է բացառապես քաղաքական բնույթ, այսինքն՝ դատարանը նման որոշմամբ վարույթն իրականացնող մարմնին առանց որևէ հիմնավորման թույլատրել է շարունակել հեղինակավոր միջազգային կառույցի՝ Ինտերպոլի կողմից որպես քաղաքական գնահատված և Սահմանադրական դատարանի կողմից որպես անվավեր ճանաչված նորմով իրականացվող անօրինական հետապնդումը»,-նշել է նա: