Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարազատները փակել են Երևան-Գյումրի երկաթգծի Իսահակյան-Բայանդուր հատվածը։
Իրավաբան․net-ին այս մասին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը։
«Ճանապարհը նշված հատվածում գտնվող գյուղի բնակիչներն էին փակել։ Գյումրի-Երևան էլեկտրագնացքի գրաֆիկը խախտվել է», – ասել է նա։
Նշենք, որ վաղ առավոտից գերիների հարազատները փակել են Շիրակի մարզի մտնող բոլոր ճանապարհները։ Պահանջը մեկն է՝ տղաներին տուն վերադարձնելը։
Հիշեցնենք, որ երեկ հայտարարվել էր, թե Ադրբեջանից հայ գերիներ են վերադարձվելու Հայաստանը, սակայն ինքնաթիռը դատարկ էր եկել։ Անհետ կորած զինծառայողների հարազատներն էլ երեկվանից փակ են պահում ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը։