Իրավաբան, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարտի 1-ի գործի խայտառակ տապալումից վրդովված մի շարք գործիչներ փոխարենը հանրությանը ներկայացնեն դատաիրավական համակարգի սահմանադրական, քաղաքական ու իրավական բոլոր խորքային խնդիրներն ու դրանց իրատեսական լուծումները, փոխարենը վեր հանեն ամեն պետական մարմնի և պաշտոնյայի լիազորությունների շրջանակում թույլ տրված սխալներն ու բացթողումները, փորձեցին դատաիրավական ձախողման մեղավոր նշանակել Ռուստամ Բադասյանին: Այդքան պարզունակ և անարդար ձևով արդարադատության նախարարին թիրախավորելը կարող է ունենալ մի քանի զավեշտալի պատճառ․
1. Մարդիկ իսկապես անտեղյակ են, թե որ պետական պաշտոնյան ինչ գործառույթ ունի:
2. Միայն այս նախարարի պաշտոնի անվանման մեջ կա գրված «արդարադատություն» բառը, ուրեմն նա է մեղավոր բոլոր անարդարությունների համար:
Եթե մի կողմ թողնենք նման ծայրահեղ ընկալումները, ապա ռացիոնալ դաշտում պարոն Բադասյանին կարելի է մեղադրել միայն կոշտ ու արագ վեթինգ չիրականացնելու մեջ, սակայն Սահմանադրության 7-րդ գլխում սպառիչ նշված են այն հիմքերն ու ընդհանուր կարգը, որով կարելի է պաշտոնից ազատել դատավորին (164 հոդված), և վեթինգի ոչ մի մեխանիզմ այդ կարգավորումներով թույլատրված չէ: Սահմանադրության այդ գլխի ցանկացած փոփոխություն կարող է արվել միայն հանրաքվեով (202 հոդված): Հետևաբար, վեթինգ իրականացնելու համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, որոնք, ցավոք, ընդհատվեցին համաճարակի և պատերազմի պատճառով:
Հուսանք՝ հունիսին սպասվող ընտրություններից հետո ձևավորվելիք իշխանությունը կկարողանա ավարտին հասցնել հատկապես դատական իշխանությանը վերաբերող Սահմանադրության մի շարք անհաջող կարգավորումների փոփոխումը, կիրականացնի դատական համակարգի զտումը՝ առանց որևէ կերպ վնասելու ազնիվ ու պրոֆեսիոնալ դատավորներին, և դրական ընթացք կապահովի արդեն իսկ արված այն օրենսդրական փոփոխություններին, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն դատարանների ու կոմիտեի ստեղծմանը, հատուկ մասնագիտացած դատարանների գործունեությանը և ԲԴԽ լիազորությունների աննախադեպ ընդլայնմանը»: