Նախատեսվում է հանրային, պետական կացարաններում ժամանակավորապես բնակվող խոցելի անձանց տեղափոխել անհատական կացարաններ․ փոխնախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Ռուբեն Սարգսյանն ու Աննա Ժամակոչյանն աշխատանքային հանդիպում են ունեցել «Ակցիա սովի դեմ» կազմակերպության Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսելլա Մաքսֆիլդի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համատեղ ջանքերի ներդրման անհրաժեշտությունն արցախցիների կայուն զբաղվածության ապահովման և սոցիալական աջակցության տրամադրման գործում։

Նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը շնորհակալություն է հայտնել Մարսելլա Մաքսֆիլդին՝ երկարամյա համագործակցության և «հումանիտար աջակցության առաքելությանը հավատարիմ մնալու համար»․

«Նախատեսում ենք, որպեսզի Հայաստանի հանրային, պետական կացարաններում ժամանակավորապես բնակվող խոցելի անձինք կարողանան տեղափոխվել անհատական կացարաններ։ Անհրաժեշտ է զորակցել նրանց, աշխատանքի տեղավորման ծրագրեր իրականացնել, որպեսզի կարողանան ինքնուրույն դառնալ»,- նշել է Աննա Ժամակոչյանը։

Մարսելլա Մաքսֆիլդն առանցքային է համարել օգնության կարիք ունեցող անձանց ժամանակին ձեռք մեկնելու առաքելությունը․այժմ էլ կազմակերպությունը նախատեսում է Երևանում, Արարատի և Կոտայքի մարզերում ժամանակավորապես բնակվող արցախցիներին տրամադրել սննդի փաթեթներ, հիգիենայի և մանկական խնամքի պարագաններ:

«Մեզ համար ամենակարևորը մարդիկ են։ Կարծում ենք՝ մարդասիրական և հումանիտար աջակցության տրամադրման գործում չկան սահմաններ և չկա քաղաքականություն․ կան մարդիկ, ովքեր կարիքի մեջ են»,- ընդգծել է «Ակցիա սովի դեմ» կազմակերպության Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը։

Ռուբեն Սարգսյանը կարևորել է արցախցիների մշտական զբաղվածության ապահովմանն ու ինքնազբաղվածության ծրագրերի խթանմանն ուղղված քայլերը։ Նախարարի տեղակալը նշել է, որ զբաղվածության ոլորտում նախատեսվող բարեփոխումներն աստիճանաբար կբարձրացնեն արցախցիների կյանքի որակը»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել