1992թ․ ապրիլի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, որոնք նշանավորեցին երկու երկրների եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության պատմության նոր հանգրվանի սկիզբը: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարեկամական, փոխշահավետ, մշտական վստահության վրա հիմնված բարձրագույն և բարձր մակարդակի երկխոսությամբ, որն արտացոլվում է երկկողմ մակարդակով բազմաբովանդակ համագործակցության բոլոր ոլորտներում և բազմակողմ հարթակներում կառուցողական փոխգործակցության մեջ:
Երկու ժողովուրդների հոգևոր և մշակութային մերձավորության վրա հիմնված փոխադարձ հարգանքը և շահերի ընդհանրությունը հնարավորություն են տալիս հաջողությամբ դիմակայել գլոբալ և տարածաշրջանային բոլոր մարտահրավերներին՝ ուշադրությունը կենտրոնացնելով կայուն զարգացման և Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիների բարօրության ապահովման վրա»,- ասված է հայտարարության մեջ: