Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձել է սոցփաթեթի շուրջ առաջացած խոսակցություններին՝ մանրամասներ ներկայացնելով։
«ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրը դրական եզրակացություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարվելիք փոփոխություններին, որոնք դեռ պետք է հավանության արժանանան Ազգային ժողովի կողմից։
Գրեթե անմիջապես մի շարք լրատվականներում հայտնվեցին հոդվածներ, որ բարձրաստիճան պաշտոնյաները և իրենց ընտանիքի անդամները հնարավորություն կստանան պետական բյուջեի հաշվին այցելել լողավազաններ և մարզասրահներ։
Նման բան, իհարկե, չի նախատեսվում։ Սակայն չնայած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանեց, որ նման բան չկա, ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը պարզաբանեց, որոշ մարդիկ և ԶԼՄ-ներ շարունակում են տարածել այս «լուրը» և փորձում դժգոհություն գեներացնել հասարակության շրջանում։
Սիրելի հայրենակիցներ, փորձեմ շատ պարզ , մի քանի հարց ու պատասխանի միջոցով փարատել բոլոր մտահոգությունները:
Եվ այսպես, արդյո՞ք առաջարկվող փոփոխությամբ ընդլայնվում է սոցփաթեթի շահառուների շրջանակը՝ ոչ: Առաջարկվող փոփոխությամբ՝ այն մարդկանց շրջանակը, որոնք սոցփաթեթի շահառու են, չի ընդլայնվում։
Առաջարկվող փոփոխությամբ բարձրաստիճան պաշտոնյաները սոցփաթեթի շահառո՞ւ են դառնում՝ ոչ: Բարձրաստիճան պաշտոնյաները (նախարարներ, փոխնախարարներ, պատգամավորներ և այլոք) սոցփաթեթի շահառու չեն և չեն դառնում։
Պետական բյուջեից լրացուցիչ գումարնե՞ր են ծապսվում՝ ոչ: Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, որովհետև ո՛չ շահառուների շրջանակն է ընդլայնվում, ո՛չ էլ գումարի չափն է ավելանում։
Իսկ ի՞նչն է փոխվում: Սոցփաթեթի ներկայիս շահառուների համար պարզապես ավելանում է այդ գումարը տնօրինելու ևս մեկ տարբերակ։ Այսօր սոցփաթեթով կարելի է`
1) Հանգիստ անցկացնել Հայաստանում և Արցախում,
2) Մարել հիփոթեքային վարկի ամսական վճարը,
3) Վճարել ուսման համար,
4) Ձեռք բերել առողջության ապահովագրություն,
5) Փոխանցում կատարել այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության կայուն ու համաչափ զարգացում ապահովող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը (օրինակ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին):
Առաջարկվող փոփոխությամբ սոցփաթեթի համար հատկացվող միջոցները հնարավոր կլինի ուղղել նաև՝
6) Մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը՝ այդպիսով նպաստելով նրանց առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը,
7) Պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը:
Մարդիկ, որոնք սոցփաթեթի շահառու են ստանում են ամսական 6 հազար դրամ (տարեկան՝ 72 հազար դրամ) գումար, շարունակելու են ստանալ նույն գումարը։ Եվ եթե հանգստի մեկնելու փոխարեն կցանկանան այդ գումարն ուղղել, ասենք, մարզասրահ այցելելուն, ապա կարող են դա անել։ Ահա այսքանը։ Շատ նորմալ և դրական նախագիծ է, որը, համոզված եմ, հավանության կարժանանա Ազգային ժողովի կողմից»,-նշել է պատգամավորը։