ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի հետ համագործակցությամբ և «Դպրոցական սննդի և երեխաների բարեկեցության» գործակալության մասնակցությամբ կկայանա «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը: Այն նախատեսված է ՀՀ հանրակրթական դպրոցների համար: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Մրցութային ծրագրի երկարաժամկետ նպատակն է Դպրոցական սննդի ծրագրի վերաբերյալ իրազեկության բարձրացումը և ազգային մակարդակում դպրոցական այգիների հիմնման խթանումը։
Ծրագրի կարճաժամկետ նպատակներն են.
• հրավիրել քաղաքականություն մշակողների ուշադրությունը դպրոցական այգիների կարևորության և դպրոցական արտադրանքի իրացման խնդրի վրա,
• խթանել դպրոցական սննդի ծրագիրը,
• զարգացնել դպրոցական այգիների կրթական բաղադրիչը:
Մրցույթի շրջանակում մասնակիցները պետք է տրամադրեն «Մինի այգի» ծրագրի նախագիծ, որն իրականացվելու է տարրական դասարանների աշակերտների հետ:
Ծրագրի փաթեթը պետք է ներառի.
1. այգու լուսանկարներ, այգու հիմնադրման համառոտ պատմություն (գոյություն ունեցող այգիների դեպքում) և տնկելու համար նախատեսված մշակաբույսերի ընտրության բացատրություն,
2. միջառարկայական ուսուցման ծրագիր և շեշտադրված դասընթացներ,
3. երեխաների՝ այգու հիմնադրման և խնամքի բոլոր փուլերին մասնակցելն արձանագրող լուսանկարներ,
4. հավաքված բերքի լուսանկարներ,
5. երեխաների կողմից պատրաստված պարզ և առողջարար ուտեստի լուսանկարներ,
6. երեխաների կողմից գրված համառոտ շարադրություն՝ «Ինչպես ենք մենք օգտագործում մեր կողմից աճեցված բերքը դպրոցական սննդում» թեմայով,
7. կարճ տեսանյութերը (խմբագրված տեսահոլովակները) խրախուսվում են և կդիտվեն որպես առավելություն ընտրության գործընթացում:
Մրցույթը կիրականացվի երկու փուլով։
Փուլ 1. Դպրոցները պետք է ներկայացնեն մրցույթի մասնակցության հայտ (Հավելված 1)։ Մասնակցության հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2021 թ. մայիսի 1-ը:
Փուլ 2. Դպրոցները պետք է ներկայացնեն ծրագրի ամբողջական փաթեթը։ Ծրագրի փաթեթների ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. հոկտեմբերի 1-ը: 6 հոգուց բաղկացած ընտրող հանձնաժողովը կգնահատի ստացված նախագծերի փաթեթները և կհայտարարի հաղթողներին մինչև 2021 թ. նոյեմբերի 1-ը:
Հաղթող դպրոցը կստանա դրամաշնորհ՝ 3000 (երեք հազար) ԱՄՆ դոլարի չափով, ավելի մեծ այգի հիմնելու կամ դպրոցական արտադրությունը մեծացնելու համար։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած դպրոցները կստանան արժեքավոր մրցանակներ (մրգերի և բանջարեղենի չորանոց, սառցարան՝ մթերքը պահպանելու համար)։
Մրցույթի մանրամասները՝ կից փաթեթում»,- ասված է հայտարարության մեջ: