Ավարտվել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ապրիլի 1-ին հանդիպում ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Կայացած առանձնազրույցի ընթացքում արտգործնախարարները դիտարկեցին ԼՂ հիմնահարցին առնչվող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է նաև հակամարտության գոտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև հունվարի 11-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքն ու առկա զարգացումները: Այս համատեքստում նախարար Այվազյանը շեշտեց ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կապտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը:

Նախարար Արա Այվազյանը լուրջ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը:

Արտգործնախարարները հանգամանալից անդրադարձ կատարեցին հայ-ռուսական դաշնակցային համագործակցության երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, բարձր մակարդակով շփումների առաջիկա ժամանակացույցին:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին բազմակողմ ձևաչափում փոխգործակցության շուրջ»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել