ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 590 մլն 440 հազար դրամ՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին, նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու նպատակով։
Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ համաձայն որոշման` մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում կստանան ևս 2840 ուսանողներ, որոնցից 2651-ը՝ բարձրագույն, 189-ը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող։ Նախարարի խոսքով` նշված որոշման շրջանակում փոխհատուցումից կօգտվեն ԲՈՒՀ-երի և ՄՄԿՈՒ հաստատությունների կողմից հավաքագրված և 2021 թվականի փետրվարի 10-ի դրությամբ ԿԳՄՍ նախարարություն ներկայացված շահառուները։
Վահրամ Դումանյանը նաև հիշեցրել է, որ մինչ այդ՝ 2021 թվականի փետրվարի 4-ի նիստում Կառավարությունը որոշում էր կայացրել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից ԿԳՄՍ նախարարություն ներկայացված շահառուների քանակով ուսման վարձի փոխհատուցում հատկացնել 1373 ուսանողի, որոնցից 1303-ը՝ բուհերի, իսկ 70-ը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորող։ Այդ նպատակով հատկացվել էր 304 մլն 960 հազար դրամ։
Վերոնշյալ երկու որոշումներով ընդհանուր առմամբ Կառավարությունն արդեն հատկացրել է շուրջ 895 մլն 400 հազար դրամ գումար, որով 4213 ուսանողի կտրվի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում: Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ` ծրագրում ընդգրկված շահառուների 82 տոկոսը ՀՀ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներ են, 18 տոկոսը` ոչ պետական հաստատությունների ուսանող: Ընդհանուր առմամբ պատերազմի մասնակիցներին ուսման վարձի փոխհատուցման սոցիալական ծրագրի պոտենցիալ շահառուների թիվը հասնում է մոտ 7 հազարի: 2020 թ.-ի Արցախյան պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն տրվող՝ մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գործընթացը շարունակական է:
Ներկայումս արդեն ամփոփվել են ևս 1905 ուսանողների տվյալները: Նրանց 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման չափը կազմում է շուրջ 408 մլն 989 հազար դրամ։ Կառավարության համապատասխան որոշումները կկայացվեն առաջիկայում:
Նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ փոխհատուցման մասին որոշումը կայացվել է ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի նիստում և ներառված է եղել հետպատերազմական միջոցառումների ճանապարհային քարտեզով նախատեսված գործողությունների ցանկում:
«Նախապես նախատեսված էր, որ պատերազմական գործողությունների մասնակիցներին և նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն կհատկացվի 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում, սակայն հետագայում ծրագիրը կիրառվեց՝ որպես մեկ կիսամյակի ուսման վարձի հատուցման ծրագիր: Այսինքն` եթե կան ծառայության մեջ գտնվող ուսանողներ, որոնք դեռևս ծառայում են կամ զորացրվել են որոշման ընդունումից հետո, անպայման ստանալու են մեկ կիսամյակի վարձի փոխհատուցումը»,- նշել է վարչապետը: Այդ նպատակով սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2008-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը՝ հստակություն մտցնելու համար։
Նշենք, որ ծրագրի շահառու կարող է հանդիսանալ առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի՝ բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողը, եթե նա անձամբ կամ նրա ծնողը, ամուսինը մասնակցել են մարտական գործողություններին:
Մարտական գործողություններին մասնակցությունը հավաստվում է Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ:
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է բուհին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, Զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցությունը հավաստող փաստաթուղթ:
Ըստ անհրաժեշտության՝ բուհը կարող է պահանջել նաև լրացուցիչ փաստաթղթեր (ծննդյան վկայական, ամուսնության վկայական, ծնողի անձնագիր, ամուսնու անձնագիր և այլն):