Կառավարության նիստին գործադիրը որոշում ընդունեց Հայկ Չոբանյանին ազատել Տավուշի մարզպետի պաշտոնից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը լքում է պաշտոնը և նրա տեղը կզբաղեցնի Հայկ Չոբանյանը։
Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր պաշտոնից հեռանալու մասին՝ նշելով․
«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով։
Որպես բարձաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ անհանդուրժողականություն եմ հայտնում բռնությանը, թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը»։