Կրթության, գիտության, մշակույթի և սոպրտի նախարարությունը շաբաթական կտրվածքով մոնիթորինգ է իրականացնում հեռավար ուսուցման ժամանակավորապես անցնող դպրոցների մասով։
Այս մասին մարտի 31-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հանրապետությունում շուրջ երեք տասնյակ դպրոցներ ունենք, որ անցել են հեռավար ձևաչափով ուսուցման։ Հիշեցնեմ, որ դպրոցն անցնում է հեռավար ուսուցման այն պարագայում, երբ դպրոցում գրանցված դեպքերի քանակը գերազանցում է 10 տոկոսը, եթե դեպքեր կան դասարանում, ապա դասարանը կարող է ժամանակավոր հեռավար ուսուցման անցնել։
Հիշեցնեմ, որ ռիսկի խմբի երեխաների համար, շուրջ 5000 երեխաներ, մենք այս ուսումնական տարվա սկսզբից ապահովում ենք կենտրոնացված հեռավար ուսուցումը։ Միաժամանակ մեր գործընկերները՝ առողջապահության նախարարությունից, այլ գերատեսչություններից, նաև տեսչական մարմինները շատ կարևոր գործառույթ ունեն՝ տեղում ստուգելու հակահամաճարակային կանոնների պահպանման իրավիճակը, այս համագործակցությունը շատ կարևոր է։ Մենք անընդհատ քննարկում ենք, բայց պետք է ասեմ, որ միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ ներկայումս փոքր թվով երկրներ են, որ գնում են ամբողջական հեռավար ուսուցման՝ դպորցների մասով, որովհետև սա անդառնալի հետևանքներ է թողնում երեխաների զարգացման վրա։ Մենք էլ կարծում ենք, որ իրավիճակային լուծումը լավագույնն է»,-նշեց փոխնախարարը։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 192639 դեպք, որոնցից 173064-ն` առողջացած, 3515-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15168 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 853829 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 6354 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1148 նոր դեպք: Ունենք 459 առողջացած և 18 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 892 է: