««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Սևան» ազգային պարկում էր։Նախարարն ազգային պարկի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի նոր պաշտոնակատար Արման Աբելյանին, ապա ստորաբաժանումների ղեկավարների և ազգային պարկի տեղամասերի պետերի հետ քննարկել «Սևան» ազգային պարկի ընթացիկ օրակարգին և իրականացվող աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր։

Նախարարը շնորհակալություն հայտնել «Սևան» ազգային պարկի՝ արդեն նախկին տնօրեն Արա Խլոյանին՝ ամիսների համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել իր հետագա գործունության մեջ։

Նախարարը տնօրենի նոր պաշտոնակատարին է ներկայացրել ազգային պարկի գործունեության առաջնահերթությունները և հույս հայտնել, որ արդյունավետ համագործակցության արդյունքում կկարողանան բազմապատկել ջանքերը՝ ազգային պարկում մեկնարկած բարեփոխումները շարունակելու արդեն իսկ սահմանած բարձր նշաձողից, և միասին արդյունավետորեն առաջ տանելու բոլոր մեկնարկած ծրագրերն ու նախադրյալներ ստեղծելու՝ կարճ ժամկետներում մեկնարկելու նորերը։

Նախարարը նոր գործընկերոջն է ներկայացրել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված բազմաշերտ անելիքների ողջ համալիրը․

  • Սիգի արդյունագործական որսի նոր փուլի մեկնարկ, որին պետք է նախորդի գործընթացների մի ամբողջ փաթեթ,
  • «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման» և «հողամասի վարձակալության» մասին պետական գրանցում ստացած թվով 915 պայմանագրերի հանգամանալից ուսումնասիրություններ, որոնց մի մասը ենթակա է խզման, մյուս մասը՝ վերակնքման, հաջորդները՝ դատական կարգով լուծվելու և այլն,
  • Սևանա լճի հանրային լողափերի բարեփոխման և ծառայությունների մատուցումը բարելավելու ուղղությամբ գործուն աշխատանքներ՝ ընդառաջ ամառային տուրիզմի սեզոնին,
  • 5 նոր խոշոր ներդրումային ծրագրեր ու պայմանագրային փաթեթներ, որոնք արդեն առաջիկայում քննարկման են ներկայացվելու միջգերատեսչական հանձնաժողովին,
  • Բնության հատուկ պահպանվող տարածքներում վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրվող հողերի տրամադրման կարգի փոփոխության գործընթացներ,
  • Ուսումնասիրել գործող օրենսդրությունը, Կառավարության որոշումները, իրավական ակտերը։ «Սևան» ազգային պարկի տարածքներում մասնավոր տնտեսվարումն ու ձեռնարկատիրական գործունեությունը պետք է լինեն բացառապես օրենքի եւ իրավակարգավորումների շրջանակում,
  • Գույքագրել առաջնահերթության տարբեր կարեւորության ապամոնտաժման ենթակա՝ իրավական ամենատարբեր կատեգորիա ունեցող բոլոր շենք-շինությունները,
  • Սևանա լճի ափամերձ և սահմանված նիշից ներքեւ՝ ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքների մեկնարկ,
  • Առափնյա, վերջրյա պահպանության հատուկ պահնորդական ջոկատի կարողությունների հզորացում և տեխնիկական վերազինում,
  • «Սևան» ազգային պարկի գիտական, տնտեսական եւ կոմերցիոն բաղադրիչների խթանում։

Նախարար Պետրոսյանը ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկվել է է ս/թ․ մարտի 25-ից մեկնարկող արդյունագործական ձկնորսության երկրորդ փուլի մեկնարկին ուղղված նախապատրաստական աշխատանքները, լսել գործընկերներիս մտահոգությունները և հանձնարարել անել ամեն հնարավորը՝ բացառելու նախորդ տարվա թերացումներն ու բացթողումները։

Պետությունը ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլև ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։ Քննարկվել են նաև դրան ուղղված քայլերը և առաջիկա անելիքների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվել։

Հանդիպման ավարտին նախարարը ազգային պարկի գործընկերներին հորդորել է համախմբվել նոր տնօրենի շուրջ, ում առջև նոր ու ավելի խորքային բարեփոխումների իրականացման խնդիր է դրվել, և միասին ձեռնամուխ լինել մեր ազգային հարստության արդյունավետ պաշտպանության, պահպանության ու զարգացման շնորհակալ գործին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել