Ռազմաարդյունաբերական համալիրում ուսումնառություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիներին առաջարկվում է տարկետում տրամադրել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծ։

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական համալիրի պահանջներից ելնելով՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել ռազմաարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնում բարձրագույն կրթության երկրորդ կամ երրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառությունն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիներին, որոնց հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր:

Հիմնավորման մեջ նշվում է․ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ «Օրենք») պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նպատակային ուսումնառության համար տարկետման իրավունք է սահմանում միայն բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող քաղաքացիների համար, մինչդեռ որոշակի մասնագիտություններով մագիստարոտական կրթական ծրագրով եւ հետբուհակական բարձրագույն կրթության ծրագրերով կրթություն ստացող քաղաքացիների ներուժը եւս կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի (այսուհետ՝ «Զինված ուժեր») մարտունակության բարձրացման նպատակով:

Ըստ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից 2021թ. մարտին ստացված տվյալների՝ մինչեւ 2018թ. ամառային զորակոչը ուսանողները տարկետում ստացել են անվճար ուսուցման համակարգ ընդունվելու փաստով: 2018թ. ամառային զորակոչից սկսած գործընթացը կարգավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թ. 450-Ն, 451-Ն եւ 457-Ն որոշումներով, որոնցով սահմանվել են այն բացառիկ նվաճումները, որոնց դեպքում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ստացել են տարկետումներ:

Ներկա կարգավորումներով Հայաստանի Հանրապետության բուհերում տարկետման իրավունքով տեղեր չեն սահմանվում:

2015-2020թթ. տարկետում ստացած ուսանողների թվակազմը հետեւյալն է՝

Ներկայացված նախագծով առաջարկվող մոտեցումը միտված է Ռազմաարդյունաբերական համալիրում եւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բուհերում համատեղ ուսումնական ծրագրի իրականացմանը, որը նպատակ ունի նշված ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների գիտական պոտենցիալն օգտագործել Ռազմաարդյունաբերական համալիրում՝ նպաստելով Զինված ուժերում բարձր տեխնոլոգիաների եւ նորագույն գիտատեխնիկական ձեռքբերումների կիրառմանը եւ, մյուս կողմից, ստեղծել հարթակ երիտասարդ գիտնականների գիտական նոր ձեռքբերումների եւ շարունակական զարգացման համար:

Նախագծի գործադրմամբ՝ զինապարտ քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի շարունակել բարձրագույն կրթությունն այնպիսի ձեւաչափով, որը մի կողմից կխրախուսի ուսանողներին զբաղվել գիտությամբ, մյուս կողմից Զինված ուժերին հնարավորություն կտա օգտագործել համապատասխան գիտական պոտենցիալը:

Այսպիսով, ներկայացված ծրագրի գործարկումը նպաստելու է ռազմաարդյունաբերության զարգացմանը եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից որդեգրված քաղաքականության այլ ոլորտներում եւս իրացմանը: Իսկ ուսանողը հնարավորություն կստանա զինվորական ծառայությունը համատեղել արդյունավետ գիտական գործունեության հետ:

Ուսումնառության ողջ ընթացքում հետազոտությունների համար տրամադրվող դրամաշնորհները կնպաստեն բազմաթիվ հետազոտությունների, գիտական աշխատանքների իրականացմանը, թույլ կտան կիրառական նշանակության գիտական նորամուծությունները կիրառել հենց տեղում՝ ստանալով շոշափելի արդյունք: Այս ծրագրի գործարկման արդյունքում՝ Զինված ուժերը կդառնան Հայաստանի Հանրապետությունում գիտության զարգացումը խթանող ուժ, եւ կստեղծվեն հնարավորություններ նոր գիտական կենտրոնների ձեւավորման համար, որոնք կսպասարկեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախատարության, Զինված ուժերի կարիքները՝ ունենալով նաեւ կոմերցիոն զարգացման հեռանկարեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել