Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Փրկարար ծառայության տնօրենն ազատվել է պաշտոնից։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով` Վրեժ Գաբրիելյանին ազատել Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Իսկ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանվում է, որ ծառայողները փրկարարական ծառայությունից ազատվում են անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Հավելենք, որ Վրեժ Գաբրիելյանը ծնվել է 1952թ. հունվարի 10-ին Երևանում: