Երկրում ստեղծված իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) համայնքը հայտարարությամբ է հանդես եկել․

«Երկրում ստեղծված իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է։

Տեղեկատվական խառնաշփոթը իրական հնարավորություն չի տալիս հստակ եզրակացություններ անել, ինչը պահանջում է գործել միմիայն ի նպաստ աքսիոմատիկ ճշմարտությունների, մասնավորապես՝ պետականության և սահմանադրական կարգի պահպանման։

Ցավոք, քաղաքական դրությունը ճգնաժամային է և անգամ տարրական պետանվտանգությանը միտված հայտարարությունները մեկնաբանվում են իբրև մտացածին սևի կամ սպիտակի սատարում և ոչ թե պետական անվտանգությանն ուղղված անկողմնակալ պահանջ։

Այդ պատճառով ստիպված ենք բացահայտ նշել, որ այս հայտարարությունը միտված չէ որևէ կողմին սատարելուն:

Մեր պահանջն է իշխանություններից և ընդդիմություններից բացառել զինվորի ներքաշումը իրենց պայքարին, հատկապես ցույցերի կազմակերպման կամ ցրման, քաղաքական կամ քրեական հետապնդումների գործողություններին։ Մեր զինվորը երդում է տվել պահպանել Հայաստանի անվտանգությունը միմիայն արտաքին հարձակումներից։

Հորդորում ենք ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն և գործողությունները տանել միմիայն պետականության պահպանման ճանապարհով։ Կոչ ենք անում մասնակիցներին իրենց կողմնակիցների քանակը պարզել սահմանադրական կարգով և ոչ թե բարձրացրած աղմուկի ուժգնությամբ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել