Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 25-ին, Հանրապետության Հրապարակում ելույթ ունենալիս՝ ասաց․
«Հիմա ասեմ՝ որն է դավաճանությունը. 17 կուսակցություն կոչված ֆորմատի, այսպես կոչված, վարչապետի թեկնածուն ասում է՝ ես դեռ հոկտեմբերին զանգում էի բանակին, ասում էի՝ իշխանությունը վերցրեք: Նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի դեմ, այլ կոչ են արել կռվել սեփական ժողովրդի դեմ: Սա է տեղի ունեցել:
Հայաստանում ժողովրդի իշխանությունը չի կարող դրվել կասկածի տակ ոչ մի րոպե: Ինչո՞ւ է այսօր այստեղ ժողովուրդը կանգնած։ Որովհետև գիտի, թե ովքեր են բանակի և զինվորի հաշվին հարստացածները, այդ հրապարակներում հոխորտացողները, միլիոնավոր դոլարների դղյակատերերը: Այդ ո՞ւմ մասին են խոսում, այդ ո՞ւմ են մեղադրում դավաճանության մեջ։ Զինվորի հացը գողացողը եկել է զինվորին հաց տվողին, շոր տվողին, աշխատավարձ բարձրացնողին դավաճանության մեջ է մեղադրում:
Բայց սա չի նշանակում, թե ես փորձում եմ իմ որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն դնել ուրիշի վրա: Նրանք երկու տարի է՝ մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, բայց ընդամենը երկու օր կամ մի քանի օր առաջ մերժվածը հրապարակայնորեն ասում է, որպես հպարտության նշան, որ ինքը համաձայնվել է – դրանից առաջ էլ է ասել – 7 շրջանները հանձնել Ադրբեջանին: Բա որ դուք ամեն ինչ պայմանավորվել էիք արդեն կամ բանակցությունները տարել էիք այնտեղ, որ խոստովանում եք հրապարակային, որ այդ պայմաններն ընդունել եք և համարում էիք, որ դա լավ լուծում է, ինչո՞ւ էիք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ: Բաց նամակներով հանդես գայիք, ասեիք՝ գնա, ստորագրի այդ թուղթը, մենք բերել ենք, գնա, ստորագրի այդ թուղթը: Խոստովանեիք ժողովրդի առաջ՝ այս կետին ենք հասցրել, որ պետք է ամեն ինչ հանձնեինք, մեզ էլ ասեիք՝ գնացեք, այդ թուղթն ստորագրեք:
Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք պաշտպանել մեր երկիրը, մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը, և մենք հենվել ենք մեր բանակի վրա, մենք հավատացել ենք մեր բանակին: Մենք այսօր էլ ենք հավատում մեր բանակին, և համոզված եմ՝ սպայական կազմը, զինվորները, զինվորների ծնողները թույլ չեն տա, ժողովուրդը թույլ չի տա, որ բանակին ներքաշեն քաղաքական պրոցեսի մեջ:
Եվ իրավիճակի հանգուցալուծման մասին։ Ես ի՞նչ եմ մտածում՝ ի վերջո, ժողովուրդը, մենք բոլորս, այո՜, եկեք խոստովանենք՝ հետպատերազմական սթրեսի մեջ ենք, և ժողովուրդը հոգնել է այս շարունակական անկայունություններից: Երկրում պետք է ժողովրդի իշխանությունը կասկածի տակ չդրվի։ Երկիրը բռնության, ապօրինության, սադրանքների, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու բոլոր փորձերը պետք է խստորեն կասեցվեն Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության և ժողովրդի կողմից»:
Մանրամասները՝ տեսանյութում