Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության Հրապարակում ելույթ է ունենում։
«Նախ որպես ՀՀ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, ՀՀ վարչապետ իմ հրամանը ԶՈՒ բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին, սպաներին․ պարոնա՛յք, զբաղվում եք ձեր գործով՝ ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ․ սա իմ հրամանն է, և որևէ մեկը չի կարող դրժել այդ հրամանը։
Բանակը չի կարող ետ նայել, թիկունքին նայել, չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսի մեջ, բանակը պիտի ենթարկվի միայն ու միայն ժողովրդին և ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը։ Նա, ով այս տրամաբանությունից դուրս է գործում, գործում է ընդդեմ ժողովրդի, ընդդեմ պետության, ընդդեմ օրինականության, ընդդեմ Հայաստանի անվտանգության։ Եվ ես պահանջում եմ, որ նույնիսկ այն բարձրաստիճան սպաները, որ լքել են իրենց ծառայության վայրերը, չեմ ուզում հավատալ դրան, հենց հիմա վերադարձե՛ք և ապահովե՛ք մեր երկրի անվտանգությունը․ սա է մեր հստակ պահանջը։
Մեր բանակում, ցավոք սրտի, այն իշխանությունը, որ երկար տարիներ բանակի հաշվին հարստացել է, դեռևս ունի կամակատարներ ՀՀ ԶՈՒ-ում, և այդ կամակատարները պետք է հեռանան անմիջապես։
Ինչու է այսօր ժողովուրդն այստեղ կանգնած, որովհետև գիտի, թե ովքեր են բանակի և զինվորի հաշվին հարստացածները։ Էդ հրապարակներում հոխորտացողները, միլիոնավոր դոլարների դղյակատերերը, էդ ո՞ւմ մասին են խոսում, ո՞ւմ են մեղադրում դավաճանության մեջ։ Զինվորի հացը գողացողը եկել է զինվորին հաց տվողին, շոր տվողին, աշխատավարձ բարձրացնողին դավաճանության մեջ է մեղադրում։ Բայց սա չի նշանակում, թե ես փորձում եմ իմ որևէ պարտավորություն դնել ուրիշի վրա։
Երկրում պետք է ժողովրդի իշխանությունը կասկածի տակ չդրվի։ Երկիրը բռնության, ապօրինության, սադրանքների, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու բոլոր փորձերը պետք է խստորեն կասեցվեն ԱԱԾ-ի, Ոստիկանության և ժողովրդի կողմից։
Պատերազմից հետո ես չե՞մ մտածել, որ պետք է հրաժարական տամ։ Մտածել եմ, շատ եմ մտածել։ Բայց ասել եմ մի բան․ ես ինքնակամ չէ, որ դարձել եմ ՀՀ վարչապետ, ժողովուրդն է որոշել, որ ես պետք է դառնամ ՀՀ վարչապետ, և ժողովուրդը պետք է իմ հեռացման հարցը որոշի»։
Մանրամասները՝ ուղիղ եթերում