ՀՀ նախագահը ստացել է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը. հրամանագիրը դեռևս ստորագրված չէ

ՀՀ նախագահն ստացել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմից՝ ավելացնելով, որ այս պահին այն ստորագրված չէ:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը:

Այսօր՝ փետրվարի 25-ին, ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջել է վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Նա իր կողմնակիցների հրավիրել է Հանրապետության Հրապարակ՝ նրանց հետ խոսելու համար։

Նա նշեց, որ երեկ և այսօր որոշումներ է կայացրել պաշտոնից ազատել ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, այնպես էլ պետին՝ Օնիկ Գասպարյանին, որին հետևել է ԳՇ-ի հայտարարությունը։

«Այն ինչ տեղի է ունենում, ես որակում եմ որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Տեղի ունեցած ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա և հարցերի ես ինքս կպատասխանեմ։ Եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք սրտի, մեր որոշ բարձրաստիճան զինվորականների հարցեր տալուց չենք կարող խուսափել, որովհետև եթե ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մեր մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ, բայց մի քանի գեներալների դուր չի գալիս, որ մենք կարող ենք իրենց ուղղված հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ։ Մենք պիտի իմանանք մի շարք հարցերի պատասխաններ, կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված, ինչ կապեր են եղել որոշ բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև, ովքեր էին, որ պատերազմի ընթացքում կապվում էին բանակի հետ և փոխանակ ասեն՝ ձեր մարտերը տարեք, հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծել»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել