Փետրվարի 23-ին տեղի ունեցավ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի Համակարգող խորհրդի առցանց նիստը, որը մեկնարկեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի ողջույնի ուղերձով։ Հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսայի խոսքով Ծրագիրը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ «կանաչ օրակարգի» մաս է կազմում. Նա ընդգծեց ԵՄ սերտ համագործակցությունը Շրջակա միջավայրի նախարարության հետ այդ օրակարգի շրջանակում։
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչ Յակոբ Ցիգլերն իր խոսքում նշեց, որ բնապահպանական և գյուղատնտեսական ռեսուրսների պաշտպանությունը Հայաստանի հետ Գերմանիայի տնտեսական համագործակցության գերակայություններից է։ Նա ընդգծեց, որ Սեւանը Հայաստանի բնական գանձերից է և վստահություն հայտնեց, որ ծրագիրը կօժանդակի լճի ներուժի բացահայտմանը՝ հաշվի առնելով դրա նշանակությունը տնտեսական զարգացման, զբոսաշրջության համար և դրա մշակութային կարևորությունը։
ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Միխայելա Ստոյկոսկան իր խոսքում ընդգծեց Սեւանա լճի շուրջ առկա օրակարգերի և տեսլականների համադրման, ինչպես նաև լճի էկոհամակարգի և հարակից համայքների բնակիչների բարօրության հավասարակշռության հարցում լուծումների կարևորությունը։ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության կողմից ծրագրի ղեկավար Անդրեա Բաջիոլին ընգծեց ոլորտում արդեն իրականացված և իրականացվող ծրագրերի փորձի կարևորությունը և ԵՄ «կանաչ օրակարգի» առաջնայնությունը։
Ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի շրջակա միջավայրի ու կանաչ էկոնոմիկայի մասնագետ Գեորգի Արզումանյանը ներկայացրին ծրագրի նպատակները, մասնավորապես՝ բարելավել լճի ջրահավաք ավազանի մշտադիտարկման և կառավարման, ջուր խնայող հողօգտագործման, կեղտաջրերի մաքրման կարողությունների բարելավումը, ինչպես նաև կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահառուների շրջանում լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումը։
Սևանա լճի էկոհամակարգի կառավարման, ինչպես նաև օրենսդրության բարելավումը ծրագրի երկարաժամկետ նպատակներից է և իրականացվելու է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից։
Հանդիպման ընթացքում ընդգծվեց ծրագրի գործընկերների համագործակցության ներուժը: «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարություն կողմից։
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի գործընկերներն է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ինչպես նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, որը պատասխանատու է գյուղատնտեսական հատվածի համար, եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, որը պատասխանատու է տեղական կառավարման եւ ենթակառուցվածքների համար»,- ասված է հայտարարության մեջ։