Ադրբեջանը գերիների խնդիրը փորձում է դարձնել սակարկման առարկա. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել սակարկման առարկա։ Այս մասին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում, որը հեռարձակվում է 1in.am կայքով, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նոյեմբերի 9-ի արձանագրության մեջ հստակ նշված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի պարտավորությունը։ Ուզում եմ նշել, որ նույն Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում․ նրանք ռազմագերի են, նրանք ռազմագերի չեն։ Դրանք տեղի չեն, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերի մասին է, այլ նաև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց։ Դա եռակողմ հայտարարություն է, և պարտավորությունները կիսում են բոլոր 3 կողմերը։ Մենք աշխատում ենք այդ հարցին արագ լուծում տալու համար»,-նշել է Փաշինյանը։

Լրագրողը նկատել է, որ հայկական կողմը պայմանագրի կետերը, կարծես թե, կատարում է անթերի, իսկ մյուս կողմը խախտում է այդ պայմանավորվածությունը: «Ինչո՞ւ ենք մենք շարունակում մեր այդ վարքագիծը՝ չդնելով պայման. քանի դեռ այդ խնդիրը, 8-րդ կետը՝ մասնավորաբար, չի բավարարվել, մենք չենք գնում առաջ ոչ մի կետով»,- հարցրել է Նվեր Մնացականյանը:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր կարծիքով, պետք է ամեն ինչ անել, որպեսզի պրոցեսները չմտնեն փակուղի: «Մենք թեմայի վրա ու օրակարգի շուրջ շարունակում ենք աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում ենք, որ իրական հնարավորություն կա, որպեսզի խնդիրը լուծենք: Եվ իրական հնարավորություն կա, որ ունենանք կոնկրետ արդյունքներ: Երբ տեսնենք, որ նման հնարավորություն չկա, իհարկե, ժամավաճառությամբ չենք զբաղվի»,- ասել է վարչապետը:

Ճշտող հարցին՝ իրական հնարավորությունը կա՞, վարչապետը դրական պատասխան է տվել: «Իհարկե, կա իրական հնարավորությունը, խոսակցությունը գնում է այդ թեմայի շուրջ: Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, այդ թեմայի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումներ են տեղի ունենում: Եվ, իհարկե, կա հույս և համոզմունք, որ այդ խնդիրները կլուծվեն: Այլ բան է, թե ինչ ժամկետներում: Հասկանալի է, որ այստեղ ամեն րոպեն, ոչ թե ամեն օրը, այլ ամեն րոպեն շատ ծանր է, շատ կարևոր է առաջին հերթին գերեվարված և անհետ կորած մեր եղբայրների ընտանիքների համար: Բայց ուզում եմ հավաստիացնել, որ ամեն րոպեն նույնքան կարևոր և նույնքան ծանր է կառավարության համար, ինձ համար, որովհետև, ի վերջո, դրանք ծանր պատասխանատվության րոպեներ են, և մենք պարտավոր ենք այդ պատասխանատվությունը կրել»,- ասել է նա:

Կառավարության ղեկավարը նշել է՝ քանի դեռ տեսնում են, որ հարցի լուծման հնարավորություններն իրական են՝ պիտի շարունակեն աշխատել այնքան, մինչև բոլորը վերադարձվեն: Վարչապետը հիշեցրել է, որ մինչև այս պահը 69 գերի է վերադարձվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել