15 րոպե անցավ, սակայն ոստիկանության պետ Վահե Ղազարյանը դուրս չեկավ ցուցարարների մոտ:
Նա ասաց, որ հանդիպում է անցկացնելու «Հայրենիք փրկության շարժման» ներկայացուցիչների հետ, բայց ոչ այսօր:
«Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները, ի պատասխան ոստիկանության պետի՝ իրենց մոտ իջնելու առաջարկը մերժելուն, ասացին, որ կարող են հավաքվածների զայրույթը ուղղել դեպի ոստիկանություն։ Դա կանեն այն ժամանակ, երբ ուժայինները կրկին կոշտ գործողություններ իրականացնեն։ Հավաքվածները շարունակեցին երթը դեպի Ազգային անվտանգության շենք։
Ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները 15 րոպե ժամանակ տվեցին ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, որպեսզի նա իջնի և բացատրություններ տա՝ կապված ուժայինների այսօրվա կոշտ գործողությունների հետ:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները քայլերթ են անում Երևանի փողոցներով։ Քայլերթը մեկնարկել է Արամ Մանուկյանի արձանի մոտից։ Քաղաքացիները քայլերթով գնացին դեպի Ազգային անվտանգության ծառայություն, այնուհետև՝ ոստիկանություն։
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ նրանք ուղերձ ունեն փոխանցելու։
«Մենք թույլ չենք տալու, որ պետական տեռորի միջոցով մեր երկրում հաստատվի մեկ մարդու դիկտատուրա։ Ոստիկանության սպաներ, ևս մեկ անգամ դիմում ենք ձեզ․ ուշքի եկեք, մի ծառայեք այդ խելագարին։ Մի ենթարկվեք այդ խելագարի ապօրինին հրամաններին, կանգնեք ժողովրդի կողքին»,-նշեց նա։
Նախնական տվյալներով, երթին մի քանի հազար մարդ է մասնակցում։