Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Հայտնում է ՀՀ կառավարությունը։

«Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կարևորել է ռեզիդենտ դեսպան ունենալու Շվեդիայի որոշումը և շնորհավորել դեսպանին այդ կարևոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ հայ-շվեդական հարաբերությունների զարգացման համար առկա է մեծ ներուժ մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում, որի իրացման ուղղությամբ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել:
Փոխվարչապետը խոսել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմին և դրա արդյունքում Արցախում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին: Անդրադարձ է եղել նաև 2020թ. կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մարտահրավերներին:

Դեսպան Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցության խորացումը՝ նշելով, որ Շվեդիան ողջունում է Հայաստանում համակարգային բարեփոխումների իրականացնելու Կառավարության պատրաստակամությունը և պատրաստ է շարունակելու աջակցել այդ բարեփոխումների իրականացման գործընթացում: Դեսպանն առանձնացրել է մասնավորապես երեք ուղղություն, որոնցով նախատեսվում է օժանդակություն ցուցաբերել Հայաստանին՝ մարդու իրավունքների պաշտպանություն, շուկայական տնտեսության զարգացում և կլիմա ու շրջակա միջավայր:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է շվեդական բիզնեսի ներկայությունը Հայաստանում և նրանց համար Հայաստանի հնարավորությունների ներկայացումը՝ հաշվի առնելով նաև դեպի ԵԱՏՄ շուկա մուտք գործելու հեռանկարը:

Զրուցակիցները ընդգծել են նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի կարևորությունը, անդրադարձել տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման գործընթացին»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել