Ավետարանոց և Ակնաղբյուր գյուղերի բնակիչների համար բնակարաններ կկառուցվեն Ասկերանի շրջանում

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում բռնազավթված Ասկերանի շրջանի Ավետարանոց և Ակնաղբյուր գյուղերի մի խումբ բնակիչների: Այս մասին հայտնում է Արցախի Հանարապետության նախագահի աշխատակազմը։

«Քննարկվել են տեղահանված ընտանիքների խնդիրները և նրանց համատեղ բնակության վայրի ընտրության հարցը: Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինչպես Ավետարանոցի ու Ակնաղբյուրի, այնպես էլ բռնազավթված մյուս բնակավայրերի վերադարձի հարցը մնում է ԱՀ իշխանությունների քաղաքական օրակարգում, բայց տեղահանված բնակիչների բնակարանային և մյուս խնդիրների լուծումն ևս այս պահին առաջնահերթություն է:

Նախագահն ընդգծել է նախընտրությունը, որ այդ գյուղերի բնակիչները վերաբնակեցվեն համախումբ սկզբունքով: Երկու համայնքների բնակիչների հետ քննարկումների ընթացքում նախանշվել են Ասկերանի շրջանի մի շարք վայրեր, որոնց վերջնական ընտրությունը պետք է կատարեն բնակիչները՝ պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ միասին: Այնուհետև կարճ ժամանակահատվածում կկազմվեն նոր բնակավայրերի նախագծերն ու կտրվի շինաշխատանքների մեկնարկը:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, քաղաքաշինության նախարարները, կադաստրի և պետական գույքի կառավարման պետական կոմիտեի ղեկավարը»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել