Փետրվարի 18-ին հեռավար ձևաչափով կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Միխայել Զիբերթը։
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-գերմանական հարաբերությունների օրակարգում ընդգրկված հարցերի լայն շրջանակ՝ քաղաքական երկխոսության ակտիվացումը, բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, ֆինանսա-տնտեսական, զարգացման քաղաքականության և հումանիտար ոլորտներում առկա ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև միջազգային հարթակներում համագործակցությունը»,- ասված է հայտարարության մեջ։